Մատչելիության հղումներ

Գյումրիում տոնում են Սերժ Սարգսյանի հրաժարականը


Գյումրեցիները դուրս են եկել փողոց՝ շրջում են դրոշներով, փուչիկներով, երեխաներին գրկած, շրջում են մեքենաներով, բեռնատարներով: Շիրակի մարզի գրեթե բոլոր գյուղական համայնքներից ևս բազմաթիվ քաղաքացիներ են միացել և տոնում են վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

Նշենք, որ այս պահին էլ Գյումրիի թատերական հրապարակում դեռ շարունակվում է տոնախմբությունը, մարդիկ հավաքված երգում, պարում, մեկմեկու շնորհավորում են հաղթանակի կապակցությամբ:

Երեկոյան Թատերական հրապարակ էր եկել նաև Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, ով շնորհավորեց ժողովրդի հաղթանակը:

Ելույթ ունեցավ նաև Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ասաց, որ մեկ մարդով սկսված պայքարը փաստորեն կարող է նաև այսպիսի ավարտ ունենալ և հիշեցրեց, որ Փաշինյանը իր «Իմ Քայլը» նախաձեռնությունը սկսեց հենց Գյումրիից, այնուհետև նրան միացան նախ՝ տասնյակներ, հետո հարյուրավորներ ու հազարավորներ: Սրբազանը համերաշխության կոչ արեց, հորդորեց նաև մեկմեկու նկատմամբ թշնամաբար չտրամադրվել:

Ելույթ ունեցողները շնորհավորում էին միմյանց:

Հիշեցնենք՝ այսօր առավոտից Նիկոլ Փաշինյանին ազատ արձակելու պահանջով փողոց էին դուրս եկել բազմաթիվ ուսանողներ, աշակերտներ: Ամբողջ քաղաքով բազմամարդ երթ անցկացվեց, որին միացողների թիվը աստիճանաբար ավելացավ: Իսկ երբ հայտարարվեց Փաշինյանի ազատ արձակման ու Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին՝ քաղաքը տոնական տրամադրություն համակեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG