Մատչելիության հղումներ

Լեռնագյուղում ընդամենը երկու ծուխ է մնացել, գյուղից հեռացողներն անգամ դռները չեն կողպել


Մի գյուղ՝ երկու ծուխ։ Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնք մտնելուն պես դատարկ տներն են աչքի զարնում: Այստեղ ընդամենը երկու ընտանիք է ապրում՝ Մարտիրոսյաններն ու Մինասյանները։ Շատերը գնալուց առաջ նույնիսկ դռները չեն կողպել։

«Նախ՝ տներն էլ բան չկա, որ գողություն լինի, հետո էլ՝ ո՞վ պիտի գողություն անի», ֊ ասում էր Հրանտ Մինասյանը։

Բնակիչներն ասում են՝ ժամանակին Լեռնագյուղը Ղուկասյանի շրջանի ամենամեծ գյուղերից էր։ 1988-ի երկրաշարժից հետո գյուղում պանելային տներ կառուցեցին, ընտանիքներ տեղափոխվեցին։ Այստեղ տասնյակ մարդիկ էին ապրում։ Սակայն բնակիչներն աստիճանաբար հեռացան։

Հրանտ Մինասյանի ավագ որդին արտագնա աշխատանքի է մեկնել։ Ասում է հողից չեն կարողանում բավականաչափ եկամուտ ստանալ։ Լեռնային գյուղում ոռոգում չկա, հույսն անձրևի վրա են դնում։

Մինասյանի կրտսեր որդին ևս պատրաստվում է ծննդավայրից հեռանալ։ Գյուղում երկու երեխա կա՝ Լևոնն ու Դանիելը։ Մանկապարտեզ հաճախելու հնարավորություն չունեն։ Շուտով դպրոց պիտի գնան։ Լեռնագյուղում դպրոցը փակվեց 90-ականներին։

Մարտիրոսյանների երեխաները Լեռնագյուղից վաղուց են հեռացել, Գյումրիում են բնակվում։ Ծնողներին այցելում են ամռան ամիսներին, քանի որ ձմռանը Լեռնագյուղի ճանապարհները բքի պատճառով փակվում են։ Տիկին Հայկուշն ասում է՝ աշնանը իրենք ևս կլքեն բնակավայրը։

Գյուղի մասին հրապարակումներից մեկը «Հայաստանի մեռնող գյուղերը» խորագրի ներքո էր դրվել։ Լեռնագյուղացիներն այս ձևակերպումից սրտնեղել էին։ Ասում են նման իրականության հետ չեն ցանկանում հաշտվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG