Մատչելիության հղումներ

Հրաժարական է ներկայացրել Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը


 Արթուր Պետրոսյան, լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքէջի
Արթուր Պետրոսյան, լուսանկարը՝ ՀՖՖ պաշտոնական կայքէջի

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզչի ամենահավանական թեկնածուն, ըստ մամուլի տեղեկությունների, Վարդան Մինասյանն է, ով Հայաստանի ընտրանին մարզել է 2009-2013 թվականներին:

Այսօր հրաժարական է ներկայացրել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքէջը: «Ապրիլի 6-ին ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթները:

Քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը և հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ ազգային հավաքականին պետք են փոփոխություններ. Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է Ռուբեն Հայրապետյանի կողմից»,- մասնավորապես, նշված է հաղորդագրությունում:

Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը, ըստ նույն հաղորդման, փոխադարձաբար շնորհակալություն են հայտնել միմյանց՝ համատեղ աշխատանքի համար: Ֆուտբոլի Ֆեդերացիան խոստանում է, որ նոր մարզչի անունը շուտով հայտնի կդառնա․ թեև ՀՖՖ պաշտոնական կայքէջում օր չի նշվում, բայց շեշտվում է՝ «մոտ օրերս»։

Արթուր Պետրոսյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2016 թվականի հոկտեմբերին: Վերջին շրջանում Հայաստանի հավաքականը խիստ անհաջող էր հանդես գալիս, Պետրոսյանի ղեկավարման օրոք հավաքականը կորցրեց նաև ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը։

Վերջին խաղը Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Մարտի 27-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպմանը Լիտվայի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: Խաղից հետո կայացած ասուլիսում Արթուր Պետրոսյանը խոսում էր առաջիկա ծրագրերի մասին՝ խոստանալով բարձրացնել խաղամակարդակը։

«Ասեմ մեր երկրպագուներին, որ փորձարկումների ժամանակը վերջացել է, և մենք կփորձենք արդեն վերադառնալ այն մակարդակին, որ մենք ցույց տվեցինք նույն Բելառուսի, նույն Կիպրոսի հետ խաղին և մի բան էլ բարձր: Որ երկրպագուները չկորցնեն հավատը մեր հանդեպ»,- ասել էր մարզիչը:

Հայաստանի Ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզչի ամենահավանական թեկնածուն, ըստ մամուլի տեղեկությունների, Վարդան Մինասյանն է, ով Հայաստանի ընտրանին մարզել է 2009-2013 թվականներին:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրաժարականի մասին հաղորդումից հետո մամուլում անմիջապես սկսեց շրջանառվել Վարդան Մինասյանի անունը։ «Ազատության» հետ զրույցում Մինասյանը հրաժարվեց խոսել այդ թեմայի շուրջ, ասաց, որ մեկնաբանություն չունի։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից նույնպես հրաժարվեցին մեկնաբանել Վարդան Մինասյանի հնարավոր թեկնածության հարցը։ Ֆուտբոլային մեկնաբան Վերա Մարտիրոսյանի կարծիքով՝ Մինասյանի վերադարձը հավանական սցենար է։ Նա հիշեցրեց ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությունը, որ Հայաստանի հավաքականը պետք է ազգությամբ հայ մարզիչ գլխավորի, իսկ եղած տարբերակներից, ըստ մեկնաբանի, Մինասյանի թեկնածությունն ամենահավանականներից է, եթե իհարկե՝ նախկին մարզիչը համաձայնի, որովհետև նախկինում նա դեմ էր հավաքականը գլխավորելուն:

Մարտիրոսյանի խոսքով՝ Վարդան Մինասյանը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելուց հետո կարճ ժամանակ Ղազախստանում է թիմ մարզել, իսկ դրանից հետո մարզչական աշխատանքով չի զբաղվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG