Մատչելիության հղումներ

Պուտինը և Էրդողանը պայմանավորվել են արագացնել C-400-ների մատակարարման գործարքը


Ռուսաստան - C-400-ները Վոլգոգրադում զորահանդեսի ժամանակ, 2-ը փետրվարի, 2018թ․
Ռուսաստան - C-400-ները Վոլգոգրադում զորահանդեսի ժամանակ, 2-ը փետրվարի, 2018թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պայմանավորվել են արագացնել C-400 (S-400) հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարման գործարքը: Այս մասին երեկ Անկարայում Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Պուտինը: Նա, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել:

Թուրքական կողմը հայտարարել է, թե Մոսկվան զենքը կտրամադրի 2019 թվականի հուլիսին՝ նախապես նշված ժամկետից մոտ մեկ տարի շուտ:

«Մենք արագացրել ենք արտադրությունը թուրքական կողմի խնդրանքով և պայմանավորվել ենք գնի շուրջ, ինչը շատ կարևոր է», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Թուրքիայի առաջնորդն էլ, իր հերթին, նշել է, թե ցանկություն չունի այս հարցով ՆԱՏՕ-ի դաշնակիցների մտահոգությունները քննարկելու: «Բանակցություններն ավարտված են, գործարքը՝ կնքված», - ասել է Էրդողանը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ռուսաստանի կողմից Թուրքիային C-400 համակարգերի մատակարարումը կսկսվի 2019 թվականի ավարտին կամ 2020-ի սկզբին:

Անցած տարեվերջին Մոսկվան և Անկարան ավարտեցին ռուսական C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի՝ Թուրքիային վաճառելու գործարքի ձևակերպումը: Ստորագրվեց 2 միլիարդ 500 միլիոն դոլարի վարկային համաձայնագիր: Ըստ համաձայնագրի, Ռուսաստանը Թուրքիային վաճառելու է C-400 հակաօդային պաշտպանության չորս համակարգ:

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական գործարքի է գնում՝ Ռուսաստանից հակաօդային հրթիռային պաշտպանական համակարգ է ձեռք բերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG