Մատչելիության հղումներ

Հայաստանյան փաստաբանների համար «նորություն չէ» Եվրոպայի խորհրդի հրապարակած քրեական վիճակագրությանը


Եվրոպայի խորհրդի օրեր առաջ հրապարակած քրեական վիճակագրության Հայաստանին վերաբերող մասը տեղի
իրավապաշտպանների ու շատ փաստաբանների համար նորություն չէ։ Նրանք ասում են, որ իրենց զեկույցներում ևս բարձրաձայնում են բանտերի խնդիրների մասին, սակայն դրանք այդպես էլ տարիներ շարունակ լուծում չեն ստանում:

Ըստ միջազգային կառույցի հրապարակած զեկույցի, Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով:

Նշվում է, որ հայաստանյան բանտերում 2015-ին 28 մարդ է մահացել։ Ըստ զեկույցի, ընդհանուր առմամբ, Հայաստանում յուրաքանչյուր 10 հազար կալանավորից 70-ը մահանում է պատժաչափը չավարտած, ինչը մոտ երկու անգամ գերազանցում է մյուս երկրներում արձանագրված միջին ցուցանիշը:

Անցած տարի Արմավիրի բանտում պաշտոնական վարկածով հանկարծամահ եղած 53-ամյա Հրաչյա Գևորգյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքով, սա առաջին զեկույցը չէ, որ արտացոլում է իրականությունը, բայց, ցավոք, որևէ փոփոխություն այս համակարգում այդպես էլ տեղի չի ունենում․ - «Հիմնարկը՝ որպես այդպիսին, ուղղիչ, դաստիարակչական կամ այլ գործառույթներ չի իրականացնում: Համակարգը ինքը աշխատում է միայն անձին դատապարտել և անձին, որպես հասարակության անդամի, վերջնականապես կործանել»:

Փաստաբանը հիշեցնում է, որ Հրաչյա Գևորգյանի մահից հետո քրեական գործ հարուցվեց, սակայն մեկ տարի անց այդպես էլ պարզ չէ, թե ով կամ ովքեր են թերացել։

Գևորգյանը, հիշեցնեմ, մի շարք հիվանդություններ ուներ՝ խրոնիկական բրոնխիտ, խրոնիկական հեպատիտ C, Պարկինսոնի համախտանիշ։ Նա և նրա փաստաբանները բազմիցս էին խնդրել նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ պատշաճ բուժօգնություն ստանալու, բայց՝ ապարդյուն։

Պապիկյանը պնդում է, որ բանտում հայտնված անձը իշխանությունների համար դադարում է լինել քաղաքացի և շատ հաճախ դառնում անտարբերության զոհ:

Ըստ նրա, լայնորեն կիրառվող կալանքը, պատշաճ բուժօգնության գրեթե բացակայությունը, վատորակ սնունդը այն հիմնական գործոններն են, որոնք հանգեցրել են միջազգային կառույցի զեկույցում տեղ գտած խնդիրներին․ - «Անձը, ում պահման պայմանները բավարար չեն եղել, բուժօգնություն չի ստացել և դրա հետևանքով մահացել է, սրանք ավելի շուտ հենց սպանության դեպքեր են»:

Եվրոպայի խորհրդի զեկույցը փաստում է, որ միջինում յուրաքանչյուր ազատազրկված քաղաքացու համար բյուջեից տրամադրվում է մոտ 50 եվրո, Հայաստանում՝ դրանից շուրջ 5 անգամ քիչ՝ 11 եվրոյից մի փոքր ավելի:

Պապիկյանը նշում է, որ կալանավորները բանտի սննդից հիմնականում չեն օգտվում, դեղորայքն էլ շարունակում են ստանալ հարազատներից․ - «Ներողություն այս բառիս համար, բայց նա [կալանավորը] ապրանք է, եկամտի միջոց: Որքան շատ՝ այնքան եկամուտները շատ»:

«Իրավիճակը դժվար թե փոխվի, քանի դեռ կոռուպցիոն ռիսկերը չեն վերացել ու նման մտածելակերպով ղեկավարները չեն փոխվել», -ասում է փաստաբանը։ Նրա կարծիքով, եթե պետության կողմից տրված օրական գումարը տասնապատկվի էլ, միևնույն է, այն նպատակային չի ծախսվի․ - «Փաստաթղթերով ձևակերպվում է, որ սնունդ է ձեռք բերվել, իրականում այդ սնունդը չի մատակարարվում: Փաստաթղթերով ձևակերպվում է, որ դեղորայք է ձեռք բերվել, բայց ՔԿՀ-ներում չկա: Այսինքն, սա օրինական բյուջիե գումարների մսխման ճանապարհ է: Չեմ ասում կոռուպցիա, սա ուղղակի թալանի ճանապարհ է»:

Բանտերում դիտորդություն իրականացնող հասարակական խմբի անդամ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հիշեցնում է «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանի դեպքը, ով բուժվելու նպատակով իրենց կալանքից ազատելու պահանջով մեկ ամիս հացադուլից հետո մահացավ հիվանդանոցում։

Հովհաննիսյանը պնդում է, որ խոցելի համարվող այս անձինք կորցնում են առողջությունը կամ մահանում պետության կողմից ուշադրության պակասի հետևանքով․ - «Մարդուն ազատել ոչ թե նրա համար, որպեսզի նա ազատության մեջ հնարավորություն ստանա ապաքինվելու, առողջանալու, այլ որպեսզի մեռնի ազատության մեջ: Հաճախ անգամ այդ շեմին մոտեցող մարդուն չեն ազատում»:

Իրավապաշտպանն օրինակ է բերում․ Նուբարաշենի բանտում մոտ 800 կալանավոր և դատապարտյալ կա, իսկ նրանց սպասարկում է ընդամենը մեկ բժիշկ և երկու բուժակ:

Եվրոպայի խորհրդի զեկույցի համաձայն, հայաստանյան բանտերը շարունակում են մնալ ծանրաբեռնված․ յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին է հասնում մոտ 130 կալանավոր, ինչը բարձր է եվրոպական մյուս երկրների միջին ցուցանիշից:

Զարուհի Հովհաննիսյանը, որ գործընկերների հետ պարբերաբար այցելում է բանտեր, հավելում է, թե հատկապես Նուբարաշենի բանտում հերթով քնելու սովորույթը դեռ չի վերացել։

Նրա համոզմամբ՝ միջազգային կառույցների զեկույցները էական փոփոխությունների չեն հանգեցնում:

Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Եվրոպայի խորհրդի զեկույցին կարձագանքեն առաջիկայում։

XS
SM
MD
LG