Մատչելիության հղումներ

Գերմանական դատարանը այսօր կսկսի քննել Կարլես Պուչդեմոնի`Իսպանիա արտահանձնման հարցը


Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնն այսօր կկանգնի Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտեյն երկրամասի Գերագույն դատարանի առջև: Գերմանական DPA գործակալությունը, վկայակոչելով դատախազությանը մոտ կանգնած աղբյուրները, պնդում է, որ Պուչդեմոնի արտահանձնման հարցի քննությունը շատ չի ձգձգվի և վերջնական որոշումը կկայացվի մի քանի օրվա ընթացքում:

Կատալոնիայի անկախական շարժման առաջնորդը համարվող Պուչդեմոնն այժմ գտնվում է գտնվող Նոյմյունստեր քաղաքի բանտում: Կատալոնացի քաղաքական գործչի փաստաբանները արդեն իսկ դիմել են տեղական դատարան` նրա խափանման միջոցը փոխելու խնդրանքով:

Գերմանական ոստիկանությունը Պուչդեմոնին ձերբակալեց կիրակի օրը, երբ նա Ֆինլանդիա կատարած այցից հետո նա Դանիայի և Գերմանիայի տարածքով վերադառնում էր Բելգիա, որտեղ բնակվում է վերջին հինգ ամիսներին: Պուչդեմոնը Բրյուսել էր տեղափոխվել այն բանից հետո, երբ իսպանական դատախազությունը նրա դեմ քրեական գործ հարուցեց: Իսպանացի իրավապահները Պուչդեմոնին մեղադրում են խռովություն կազմակերպելու, Իսպանիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված գործողությունների ինչպես նաև ֆինանսական չարաշահումների մեջ: Գերմանիայի արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչն, ի դեպ, այսօր հայտարարեց, որ Պուչդեմոնը ձերբակալվել է համաեվրոպական օրդերի հիման վրա: ֊ «Թե ինչո՞ւ նրան չեն ձերբակալել Ֆինլանդիայում կամ Դանիայում` մեզ հայտնի չէ», ֊ նշել է Գերմանիայի արդարադատության նախարարության ներկայացուցիչը:

Պուչդեմոնի ձերբակալության մասին լուրը ստանալուց մի քանի ժամ անց Կատալոնիայի անկախության հազարավոր կողմնակիցները դուրս եկան Բարսելոնայի փողոցներ: Խաղաղ ցույցերը, սակայն, արագորեն վերածվեցին ոստիկանության հետ բախումների, որոնց ընթացքում առնվազն հիսուն հոգի թեթև մարմնական վնասվածքներ է ստացել: Բարսելոնայի կենտրոնում իրադրությունը հանդարտեցնելու նպատակով ուշ երեկոյան երկրամասի բնակիչներին հատուկ ուղերձով դիմեց Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Ռոժե Տորենը:

«Այսօր մենք խոր կսկիծով տեղեկացանք նախագահ Կարլես Պուչդեմոնի` Գերմանիայում տեղի ունեցած ձերբակալության մասին: Այս գործողությունը վկայում է, որ խոսքը ոչ միայն առանձին անհատների դեմ սկիզբ առած հետապնդումների, այլև Կատալոնիայի ժողովրդի` ընտրությունների միջոցով արտահայտված կամքի առևանգման փորձի մասին է: Պուչդեմոնը Կատալոնիայի ղեկավար էր ընտրվել մեր քաղաքացիների ազատ, ինքնիշխան ժողովրդավարական քվեարկության արդյունքում: Դա նշանակում է, որ որևէ դատավոր, որևէ երկրի կառավարություն կամ պաշտոնյա բավարար լեգիտիմություն չունի կատալոնացի ժողովրդի առաջնորդին ձերբակալելու կամ նրա հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու համար», ֊ հայտարարում էր Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG