Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ, ձայների 21.3 տոկոսի հաշվարկից հետո գործող նախագահ Վլադիմիր Պուտինը ստացել է ընտրողների 71.97 տոկոսի քվեները:Հասարակական կարծիքի ուսումնասիրման ռուսական պետական կենտրոնի՝ ՎՑԻՈՄ-ի իրականացրած էքզիթ փոլի տվյալներով Պուտինը հաղթել է ընտրություններում՝ ստանալով ձայների 73.9 տոկոսը:
ԿԸՀ-ի տվյալներով, Կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը երկրորդ տեղում է 15.7 տոկոս ձայներով, երրորդը լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին է, նա ստացել է ընտրողների 6.9 տոկոսի ձայները: Հաղորդավար, լրագրող Քսենիա Սոբչակը չորրորդն է՝ 1.3 տոկոս ձայներով:
Երևանի ժամանակով ժամը 22.00-ին (տեղական ժամանակով՝ 20.00-ին) Ռուսաստանում փակվեցին վերջին ընտրատեղամասերը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ժամը 18.00-ի դրությամբ, Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցությունը գրեթե 60 տոկոս էր:
«Ընտրողների մասնակցության տվյալները այլևս չեն թարմացվի: Ժամը 18.00-ի դրությամբ, Ընտրողների մասնակցությունը եղել է 59.63 տոկոս», - ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի ԿԸՀ-ը:
«Գոլոս» իրավապաշտպան կազմակերպության դիտորդները հայտարարել են հազարից ավելի ընտրախախտումների մասին: Ռուսական մի շարք լրատվամիջոցներ նկարահանել են բազմաթիվ լցոնումներ, ուղղորդումներ:Սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լուրջ խախտումների մասին չի հայտարարել: