Մատչելիության հղումներ

Հայաստանցիները մասնակցում են Ռուսաստանի նախագահի ընտրություններին


Նրանցից ոմանք նշեցին, որ քվեարկելու են Վլադիմիր Պուտինի օգտին:

Այսօր անցկացվող Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցում են նաև Հայաստանում և Ջավախքում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները: Նրանք ընտրելու հանրավորություն ունեն Երևանում և Գյումրիում:

Ի դեպ, Վրաստանում ապրող ռուսաստանցիները ստիպված են քվեարկելու համար Հայաստան գալ, քանի որ Մոսկվան ու Թբիլիսին 2008-ից ի վեր դիվանագիտական հարաբերություններ չունեն։

Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան, գործում է չորս ընտրատեղամաս:

«Լոռու ու Շիրակի հյուպատոսական օկրուգում մեզ մոտ կա 4 ընտրական տեղամաս, 3-ը՝ ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում, իսկ մեկը՝ գլխավոր հյուպատոսարանում: Կարող են գալ ՌԴ բոլոր քաղաքացիները առանց բացառության», - ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ասել էր Ռուսաստանի Դաշնության հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը:

Բազմաթիվ հայաստանցիներ Ռուսաստանի քաղաքացիություն ունեն և այսօր Հայաստանի տարբեր մարզերից՝ Լոռիից, Տավուշից, ինչպես նաև Ջավախքից հասել էին Գյումրի՝ քվեարկելու: Նրանց տեղափոխում էին հատուկ տրանսպորտով:

«Ազատության» հետ զրույցում քաղաքացիներն ասում էին, որ քվեարկում են հանուն ուժեղ Ռուսաստանի, հայ-ռուսական հարաբերությունների առաջխաղացման, խաղաղության, բարեկեցության և անվտանգության:

«Ստեփանավանից ենք եկել: Տրանսպորտով մեզ տեղափոխել են: Եկել եմ իմ պարտքը տալու», - ասաց քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի էլ Վանաձորից նշեց, որ իր փոխադրամիջոցով չի եկել, այլ «խմբով, կազմակերպված եկել են»:

Հարցին, թե ինչպիսի Ռուսաստան է ուզում տեսնել, քվեարկության եկած մարդկանցից մեկն արձագանքեց․ - «Նորմալ, ազատ, դեմոկրատական երկիր»:

Նրանցից ոմանք նշեցին, որ քվեարկելու են Վլադիմիր Պուտինի օգտին:

«Ներկա դրությամբ ամենակարգավորիչ ու համատեղ աշխատանք մենակ ինքն է կարողանում տանել բոլոր ազգերի նկատմամբ: Բոլոր թեկնածուներին ծանոթ եմ, բայց նրանք ի՞նչ դեր պիտի խաղան Պուտինի հետ համեմատած: Ես իրեն եմ տեսնում լիդեր: Գերտերությունների հետ կապված ինչ-որ հարց մենակ ինքը կարող է լուծել», - ասաց քաղաքացիներից մեկը:

«Ներկա դրությամբ այս միջազգային հարաբերությունների մեջ այլ լիդեր ես չեմ տեսնում, բացի Պուտինից, որը շատ հավասարակշռված, լուրջ քաղաքական գործիչ է, որը կարող է Ռուսաստանին դուրս բերել այս ճգնաժամից», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց մեկ այլ քաղաքացի:

«Էնտեղ սոցիալական հարցերը ավելի լավ են, քան Հայաստանում: Մերոնք էնտեղ շատ ազատ են զգում, աշխատանք ունեն, գոհեն ռուսական իրականությունից, ռուսական միջավայրից», - փոխանցեց քվեարկելու եկած քաղաքացիներից մյուսը:

Դիտարկմանը, որ պատրաստ է անգամ հերթ կանգնել՝ քվեարկելու համար, քաղաքացին արձագանքեց՝ այո:

«Մենակ չի ինքը, շատ շատերը կան: Ով հնարավորություն ունի, եկել է, հանուն Պուտինի, հանուն Պուտինի Վանաձորից», - միջամտեց հերթում կանգնած մեկ այլ քաղաքացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG