Տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին Ռուսաստանում մեկնարկել են նախագահական ընտրությունները։
Մոսկվայում քվեարկել է նաև 2000-2008 թվականներին, ինչպես նաև 2012 թվականից Ռուսաստանը ղեկավարող 65-ամյա Վլադիմիր Պուտինը։
«Ես վստահ եմ, որ ծրագիրը, որն առաջարկում եմ երկրի համար, ճիշտ է», - քվեարկելիս ասել է Պուտինը։
Ակնկալվում է, որ նա կհաղթի նաև այս ընտրություններում, միակ հարցը ընտրողների մասնակցությունն է։ Կամչատկայի և Չուկոտկայի որոշ գյուղերում արդեն գրանցվել է ընտրողների 100 տոկոսանոց մասնակցություն։
«Գոլոս» իրավապաշտպան կազմակերպության դիտորդները հայտարարում են հազարից ավելի ընտրախախտումների մասին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, պնդում է, որ մինչ այս ժամը քվեարկությունն անցել է օրենքի տառին և ոգուն համապատասխան: