Մատչելիության հղումներ

Անգամ բազմահազարանոց հանրահավաքները ՀՀԿ-ին «չեն ստիպի որոշում փոխել»


Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների կարծիքով, եթե վարչապետի պաշտոնում առաջադրեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը, անգամ բազմահազարանոց հանրահավաքներն իրենց չեն ստիպի որոշում փոխել։

«Հանրապետական կուսակցությունը երկու խնդիր ունի․ առաջին, արդյո՞ք էդ որոշումը, որ ինքը կայացնում է, բխում է Սահմանադրությունից և օրենքներից, արդյո՞ք դա օրինակն է, և երկրորդ, այդ որոշումը որքանո՞վ է բխում հանրության հիմնական հատվածի շահերից: Այս երկու հարցերի պատասխանը պետք է հնչեցվի: Եթե դա հնչեցվելու պարագայում մի տասը հազար հոգի չի համաձայնվում, նո՞ւ ի շտո, հետո՞ ինչ․․․ Դա կարող է լինել, չէ՞», - ասաց Խոսրով Հարությունյանը:

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյան․ - «Էն, ինչը Հանրապետականը որոշում ա ընդունում, ուզում է տասնյակ հազարավոր միտինգներ անեն, իմ կարծիքը կմնա էն, ինչը որ որոշել ենք մենք»:

Հանրապետականները պնդում են, որ վարչապետի թեկնածուի հարցը չեն քննարկել, այդուհանդերձ ընդդիմադիր «Ելք»-ից կարծիք է հնչում՝ իշխող ուժը, Սերժ Սարգսյանից բացի, վարչապետի այլ թեկնածու չունի:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամներից Նիկոլ Փաշինյանի խոսքով, Սարգսյանի հետագա պաշտոնավարումը կարելի է կանխել միայն ժողովրդի ճնշման ներքո: «Ելք» դաշինքում այժմ չեն կարողանում համաձայնության գալ պայքարի տարբերակների շուրջ:

«Ազատության» հետ զրույցում Փաշինյանը չէր բացառել, որ փողոց դուրս գալու վերաբերյալ միասնական որոշում չլինելու դեպքում, կուսակցություններից մեկը կամ երկուսը կարող են որոշել փողոցային պայքար ծավալել:

Իշխանական ուժի պատգամավորները համոզված են՝ ընդդիմությունը փողոցային պայքար սկսելու ռեսուրս չունի։

«Չեմ գտնում, որ մենք ունենք էդպես քարիզմատիկ մի ընդդիմություն, որը կկարողանա շատ մարդ հավաքել», - իր կարծիքն ասաց Գալուստ Սահակյանը:

Այս օրերին ընդդիմադիրները ՀՀԿ-ականներին հիշեցնում են Սերժ Սարգսյանի՝ դեռ 2014 թվականի հավաստիացումները, թե չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ էլ վարչապետի պաշտոնին:

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը զարմացած է՝ հետո՞ ինչ, որ ասել է․․․ Նրա խոսքով, երբ ինքը կշեռքի նժարին է դնում նախագահի ասածն ու երկրի առաջ ծառացած խնդիրները, վերջինն իր համար միանշանակ ավելի ծանրակշիռ է թվում։ Հարությունյանը կարծում է, որ հանրությունն էլ է այդպես մտածում։

Նա շեշտում էր անվտանգության ու արտաքին քաղաքական խնդիրները՝ չհիշատակելով, օրինակ, արտագաղթը: Մամուլի հրապարակումների համաձայն, Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանից հեռացել է ավելի քան 370 հազար մարդ:

Խոսրով Հարությունյանն ասաց․ - «Մարդը ինչ-որ մի բան ասեց, հետևաբար իր ասածին գերի դառնա՞, թե՞ էսօր, այդուհանդերձ, վաղը չէ մյուս օրը իմ ընտանիքի անվտանգությունն ա ինձ համար կարևոր՝ ում վստահեմ էդ անվտանգությունը: Սրանք են լինելու գերակա խնդիրները»:

Գալուստ Սահակյանն ասաց, որ եթե որոշեն Սերժ Սարգսյանի թեկնածությունն առաջադրել, 2014-ին նախագահի արած հայտարարությունը չի կաշկանդի ՀՀԿ-ին․ - «Յուրաքանչյուր պետության մեջ բազմաթիվ հայտարարություններ են լինում: Եթե յուրաքանչյուր պետության բազմաթիվ հայտարարությունները ի նպաստ դրվեր մարդկության ճանապարհի վրա, մենք բավականին․․․ ինչ ասեմ, էնպիսի մոլորակ կունենայինք աշխարհի, որ որևէ մեկը չէր կարող ճանաչել: Քաղաքական հայտարարությունն ուրիշ է, պայմանագիր կնքելն ուրիշ է․․․ Նույնիսկ պայմանագիր ես կնքում, հետո պայմանագրից հետ ես վերադառնում: Ես էդտեղ որևէ բան չեմ տեսնում որևէ մեկին պատասխանելու համար»:

Գալուստ Սահակյանի խոսքով, վարչապետի թեկնածուի հարց Հանրապետականը կքննարկի ապրիլի 14 կամ 15-ին:

Հիշեցնեմ, վարչապետի թեկնածու առաջադրելու վերջնաժամկետն ապրիլի 16-ն է: Երկրի թիվ մեկ պաշտոնյայի ընտրության քննարկումները, ըստ ամենայնի, կմեկնարկեն ապրիլի 17-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG