««Ելք»-ը որևէ հավաք չի արել այս ուղղությամբ: Ես չեմ տեսել: Մտադրության մասին ես չեմ կարող մեկնաբանություն տրամադրել, որովհետև դա լոկ մտադրություն է: Իսկ մենք մեր գործունեությունը ծավալում ենք դեռ սեպտեմբեր ամսից», - ասաց ընդդիմադիր կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա հիշեցրեց 2017-ի սեպտեմբերից մեկնարկած իր և կուսակիցների հանդիպումները մարզերում և սփյուռքում, որտեղ իշխող վարչակազմի դեմ ընդվզելու կոչեր են հնչեցնում։
Ավելի վաղ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել Ֆեյսբուքում. - «Գործողությունների նախնական պլանը քննարկեցի ընտանիքիս հետ։ Հավանության արժանացավ։ Պատրաստ են ինձ վերստին գործուղել Ազատության հրապարակ»:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ «Ելքը» դեռ չի առաջարկել իր քաղաքական օրակարգը, հետևաբար նրանց միանալ-չմիանալու հարց «Երկիր Ծիրանի»-ում չի քննարկվել․ - «Այսօրվա Ազգային ժողովը ոչ-օրինական մարմին է: Այսօր գործող Սահմանադրությունը անօրինական է, կեղծված է: Օրակարգը պետք է լինի․ մենք ընդունում ենք այն սահմանադիր օրենքները, որով ստեղծում ենք ժողովրդավար կառուցվածք հակակշիռների և զսպումների մեխանիզմների ներքո: Եթե դա մենք չենք անելու, ապա Սերժ Սարգսյանը չէ՝ մեկ այլ անձ է, այս նույն քաղաքական համակարգն է»:
Փոստանջյանի համզմամբ, իրական փոփոխությունների հնարավոր է հասնել, նախկին և ներկա իշխանավորներին կատարած հանցագործությունների համար պատասխանատվության կանչելով։
Այս համատեքստում, Փոստանջյանը խոսեց նաև խորհրդարանի կողմից 4-րդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանի մասին․ - «Կարելի է ասել՝ փողոցից մեկին բերեցին, ով ներգրավված է կոռուպցիոն գործընթացների մեջ: Արմեն Սարգսյանը, ժողովրդի լեզվով ասած՝ խոպանչի է․․․ Այս մարդը ի՞նչ կապ ունի մեր քաղաքական գործընթացների հետ, և ինչպե՞ս ներգրավվեց»:
«Երկիր Ծիրանի»-ի առաջնորդն ընդգծում է, որ իրենց թիրախը միայն Սերժ Սարգսյանը չէ։ Ասում է նույն գյուղապետները, քաղաքապետները «սերժ սարգսյաններ են»․ - «Բայց հիմնական մեր թիրախը այս համակարգն է, որը պետք է մենք վերացնենք: Եթե մենք չունենանք հրդեհի օջախներ ողջ հանրապետությունով մեկ, ապա մի բողոքի ակցիա ընդդեմ Սերժ Սարգսյանի, կամ նույնիսկ տասը բողոքի ակցիա ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, մեզ հնարավորություն չի ընձեռնելու փոխել իրավիճակը: Այդ իսկ պատճառով մենք պնդում ենք, որ պետք է լինեն բողոքի ակցիաներ համատարած՝ բոլոր տեղերում, բոլոր քաղաքներում, բոլոր հրապարակներում»:
Փոստանջյանի համոզմամբ, քաղաքական մենաշնորհը վերացնելու համար անհրաժեշտ է Հայստանում և սփյուռքում գտնվող Հայաստանի քաղաքացիներին քաղաքական բոլոր գործընթացներին մասնակցելու իրավունք տալ, մասնավորապես՝ ընտրելու և ընտրվելու հնարավորություն։
Ընդդիմադիր գործիչը համարում է, որ Հայաստանում քաղաքական համակարգը տարիներ շարունակ նույնն է մնացել՝ փոխվել են անձերը․ - «Ի՞նչ տարբերություն կա Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի միջև քաղաքական առաջադրանքների ներքո: Տարբերություն չկա: Անուն-ազգանունները տարբեր են, բնավորությունները մի քիչ տարբեր են, բայց դրանով չի փոխվում քաղաքականությունը և իրենց քաղաքական օրակարգը»: