Մատչելիության հղումներ

Փաստաբանը շարունակում է պնդել, որ Սեֆիլյանը ենթարկվում է ապօրինի հետապնդման


«Ժիրայր Սեֆիլյանի ապօրինի հետապնդումը»․ այսպես էր վերնագրել իր պաշտպանական ճառը փաստաբան Արայիկ Պապիկյանը

Ավելի քան վեց ժամ դրվագ առ դրվագ ներկայացնելով, թե ինչի միջով է անցել ընդդիմադիր գործիչն իր համակիրների հետ՝ ի վերջո հայտնվելով մեղադրյալի աթոռին․ - «Նրանց ծեծում էին, ենթարկում բռնության, հրկիզում կամ վնաս հասցնում նրանց գույքին: Որևէ մեկը պատասխան չէր տալիս: 2013 թվականից մինչև 2018 թվականի փետրվարի 24-ը Հիմնադիր խորհրդարանի անդամների և աջակիցների նկատմամբ իրականացված բռնությունների, ապօրինությունների, բիրտ մեթոդների կիրառման դեպքերի, իրավունքի ոտնահարումների ցուցակը՝ 111 հանցանք է գործվել: Ոչ մի պատասխան տվող չի եղել»:

Փաստաբանն ամբողջությամբ շինծու որակեց այս գործը՝ բազմաթիվ օրինակներ բերելով Սեֆիլյանի հարցազրույցներից, ելույթներից․ որ նա ոչ թե նախապատրաստել է բռնություններ, այլ ճիշտը հակառակը, պարբերաբար կրնկնել է՝ միայն խաղաղ, սահմանադրական հավաքներ են անցկացնելու:

Արայիկ Պապիկյանը հակադարձեց Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում պահանջած դատախազին: Պետական մեղադրողը, որպես մեղմացուցիչ հանգամանք, մատնանաշել էր Սեֆիլյանի՝ սահմանների պաշտպանությանը «ակտիվ մասնակցությունը»:

Փաստաբանն ասաց․ - «Մեղադրողը չցանկացավ անգամ նշել, որ Սեֆիլյանը հրամանատար է եղել: Ոչ ոք չբարձրաձայնեց այն, որ Սեֆիլյանին շնորհվել է բարձրագույն պետական պարգև՝ Մարտական խաչի առաջին աստիճանի ասպետի շքանշան: Շքանշանը օրենքով շնորհվում է հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար։ Հավանաբար Սեֆիլյանին բնորոշող այս բացառիկ հատկանիշներն են ստիպել իշխանություններին նրան բանտարկել»:

Նախորդ նիստին փաստաբան Տիգրան Եգորյանի աղմկահարույց ելույթից հետո, երբ կասկածի տակ էին դրվել դատավորի մասնագիտական և մարդկային որակները, նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանն այսօր թույլ չէր տալիս որ Եգորյանը խոսի: Ժամեր շարունակ ընթացող նիստը ընդմիջվել էր հինգ րոպեով, փաստաբանները պահանջում էին գոնե 30 րոպեանոց ընդմիջում:

Անձամբ դատավորը 5 րոպե ընդմիջումից հետո ուշացումով վերադարձավ դահլիճ:

Տիգրան Եգորյանը ենթադրեց, թե նա համեղ բան է պատվիրել ուտելու․ - «Տգեղ ա ստացվում, երբ որ Դուք մեր նկատմամբ ու առհասարակ դատարանի նկատմամբ այդպիսի անհարգալից վերաբերմունք եք դրսևորում՝ հինգ րոպե ընդմիջում հայտարարելուց հետո Ձեր տասը րոպե ուշացումով ներկայանալու ձևով»:

«Ձեր նկատմամբ կիրառվում է դատական սանկցիա», - փաստաբանին ընդմիջեց դատավորը:

Եգորյանը շարունակեց․ - «Եվ Ձեզ թող չտվա, որ էսպես հնարավոր է վարվել մարդկանց հետ: 4-5 ժամ նստելուց հետո չենք կարող չունենալ հնարավորություն տարրական կենսական անհրաժեշտությունների: Եվ Դուք, անկախ նրանից, թե, Ձեր կարծիքով, ինչ լիազորություններ ունեք կամ ինչ նշանակություն ունեք չգիտեմ էլ ում համար, բայց Դուք չեք կարող Ձեզ նման պահվածք թույլ տալ»:

Այսօրվա դատավարությանը հետևում էր իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նրա գնահատմամբ Ժիրայր Սեֆիլյանը հետևողականորեն հետապնդվում է իշխանությունների կողմից․ - «Դատախազի կողմից առաջարկված 11 տարվա ազատազրկման համար քիչ է, որ հիմքեր չկան․․․ Ավելի շատ երկար ժամանակով ցանկանում են մարդուն անազության մեջ պահել՝ կասեցնելով ըստ էության իր քաղաքացիական, քաղաքական գործունեությունը»:

Այսօր ամբողջ օրը մոտ մեկ տասնյակ մարդ չկարողացավ մուտք գործել դահլիճ, նախորդ նիստին դատավորը սանկցիաներ էր կիրառել դահլիճում ծափահարող, վանկարկող ակտիվիստների նկատմամբ:

Ակտիվիստներից ոմանք, սակայն, պնդում են, որ դահլիճում չեն եղել, բայց պատժի են ենթարկվել․ - «Կարդացել են, որ ես իբր կարգադրիչների հրահանգներին չեմ ենթարկվել և խոչընդոտել եմ աշխատանքը: Կարող ա իմ ուրվակա՞նն ա էղել, ես չգիտեմ»:

Վարդգես Գասպարին օրվա մեծ մասը դահլիճի դռան մոտ՝ սալիկների պառկած անցկացրեց․ նրան ևս թույլ չէին տվել մասնակցել նիստին:

Վերջին անգամ նա ամիսներ առաջ է ներկա եղել Սեֆիլյանի դատավարությանը․ - «Սերժ Սարգսյանից, Արմեն Սարգսյանից մինչև էս ծառայողները նույն կարգի, իրանց ամենազոր համարող, ոչ մի բանի չենթարկվող անձիք են, էլի»:

Դատավարությունը կշարունակվի երկու շաբաթից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG