Խորհրդարանում այսօր Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ լսումների ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգեցին երեսուն տարի առաջ՝ Սումգայիթում ջարդերի անմեղ զոհերի հիշատակը:
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր ելույթում նշեց՝ երեք տասնամյակ առաջ այս օրերին գրվել է մեր տարածաշրջանի ամենասև էջերից մեկը, Սումգայիթում սկսված բռնության ալիքը շարունակվել է նաև այլ քաղաքներում, իսկ հայատյացությունը այսօր էլ Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության մասն է:
«Ադրբեջանի իշխանությունների՝ Արցախի ժողովրդի խաղաղ, ժողովրդավարական երկրում ազատ ապրելու օրինական պահանջին ուժով և ուժի սպառնալիքով պատասխանելու քաղաքականությունն է պատճառը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվում», - հայտարարեց փոխարտգործնախարարը:
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հիշեցրեց՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարում էր Երևանը գրավելու ցանկության մասին․ - «Բոլորովին վերջերս Ադրբեջանի նախագահի շուրթերից հնչեցված հերթական սպառնալիքը հայ ժողովրդի և Հայաստանի հանդեպ վկայում է, որ այդ քաղաքականությունը ծրագրավորված է, միտումնավոր է, շարունակական է և բացարձակապես պատմություն չէ: Ցավոք սրտի՝ այն նաև իրականություն է»:
Ընդդեմ իրավական կամայականությունների հասարակական կազմակերպության նախագահ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը շեշտեց՝ ոչ թե Սումգայիթյան ոճրագործությամբ էր Ադրբեջանը պատասխանում Ղարաբաղյան շարժմանը, այլ Ղարաբաղյան շարժումը սկսվեց՝ պաշտպանելու համար հայերին 1915-ից շարունակվող ցեղասպան քաղաքականությունից․ - «Մենք պետք է գնահատենք դրանք որպես ցեղասպանական գործողություններ և Արցախի հիմնահարցը տեղափոխենք հենց այդ հարթություն, որովհետև խոսքը չի գնում զուտ ինքնորոշման մասին, ինչպիսին է Կատալոնիան, Շոտլանդիան, այլ խոսքը գնում է ցեղասպանության դեմ կանգնած ժողովրդի»:
Սումգայիթի նախկին բնակիչ Կարինե Մեջլումյանը վերհիշեց երեսուն տարի առաջ երեք օր տևած ջարդերը, պատմեց՝ իր ընտանիքը փրկվել է ջարդարարների ագահության, ձմռան սառնամանիքից սառցակալած ու չբացվող պատուհանների և հարևանների շնորհիվ, սակայն ոչ բոլորի բախտն է այդպես բերել․ - «Մեր դուռը ջարդեցին և մեզ սկսեցին գազանաբար ծեծել: Երբ արդեն իմ ընտանիքն ի վիճակի չէր դիմադրել՝ սկսվեց թալանը, տանում էին ամեն ինչ, մեկը սառնարանն էր տանում, մեկը անկողինը: Ինչ-որ առումով՝ դա էլ մեզ փրկեց, մեզ ցանկանում էին պատուհանից դուրս շպրտել, սակայն քանի որ փետրվարի 28-ն էր, մեր պատուհանները սառած էին ու չէին բացվում: Ես հիմա չեմ ցանկանում բոլոր մանրամասները հիշել, սակայն ցանկանում եմ շեշտել՝ դա ամբողջովին ծրագրված գործողություն էր: Այդպես շարունակվեց երեք օր, այդ ընթացքում ես ոչ մի խորհրդային զինվոր չտեսա, ոչ ոք մեզ չէր փրկում, մեզ փրկեցին միայն հարևանները, որոնք չէին հասկանում՝ ինչ է կատարվում»:
Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը հարց բարձրացրեց՝ անընդհատ խոսում ենք Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին, միջազգային հանրության և ատյանների արձագանքներին ենք գնահատական տալիս, իսկ ի՞նչ ենք անում Սումգայիթից և այլ ջարդերից փրկվածների համար․ - «Փախստականները ի հայտ եկան կոտորածների պատճառով: Մենք անընդհատ խոսում ենք մեռելների ու ցեղասպանության մասին, բայց այս կենդանի մնացած մարդկանց հարցերը ինչպե՞ս ենք լուծելու՝ այդ մասին ոչ մի խոսք»:
Մելիքյանը նաև նշեց՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր որոշումներով Բաքվի, Սումգայիթի և Կիրովաբադի հայերին դուրս է թողել գործընթացից․ - «Այսինքն՝ այդ դատարանը վճիռ կայացրեց Ադրբեջանցի կոչված քուրդ փախստականի և շահումյանցի հայ փախստականի գործերով: Վճիռներ կայացվեցին, և այդ վճիռների շնորհիվ, ըստ էության, ուրվագծվեց հակամարտության գոտին և այդ գոտուց դուրս են մնացել առնվազն չորս հարյուր հազար հայեր, որոնք փախստական են: Քաղաքականությունը սա է»:
Հանրապետական պատգամավոր և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հակադարձեց․ - «Եվրոպական դատարանը կայացրեց վճիռ Սարգսյանի և Չիրագովի հետ կապված: Արդյո՞ք այն հանգամանքը, որ ընտրվել է, ընդունենք, Գետաշենից փախստականի հարցը բացառեց մյուս հատվածներից, մյուս քաղաքներից, մյուս բնակավայրերից փախստականների հայցի քննարկումը: Իհարկե՝ ոչ»:
Վաղը Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կքննարկվի հայտարարություն նախագիծ՝ հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունների դատապարտման վերաբերյալ: