ՏԻՄ ընտրություններից ավելի քան մեկ տարի անց Վանաձորի ավագանու հերթական նիստն այսօր առաջին անգամ կայացավ բոլոր հինգ խմբակցությունների մասնակցությամբ: Ընդդիմադիր 3 խմբակցությունները անցած տարեվերջին մեկը մյուսի հետևից դադարեցրեցին քաղաքապետի ընտրությանը հետևած բոյկոտը:
Օրակարգի հարցերից մեկը 2017 թվականի բյուջեի և հաշվետու տարում հնգամյա զարգացման ծրագրի վերաբերյալ հաշվետվության մասին էր:
Մոտ մեկ ժամ տեսանյութի միջոցով ոլորտ առ ոլորտ ներկայացվեցին 2017 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Հաշվետվությանը կողմ քվեարկեցին ավագանու բոլոր խմբակցությունները, բացի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանից»: Նրանք, պարզապես, չմասնակցեցին քվեարկությանը:
Հաշվետվությանը ներկա էր նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով հորդորեց ավագանու անդամներին բուռն քննարկումների մեջ անցկացնել նիստերը:
«Բուռն քննարկումներում շատ ավելի լավ գաղափարներ են ծնվում, շատ ավելի լավ ծրագրեր են ծնվում և այս առումով, մենք, որպես իշխող կուսակցության ներկայացուցիչներ, հաշվետու ենք լինում», ֊ պարզաբանեց նա:
Անդրադառնալով հաշվետվությանը՝ Նալբանդյանը նկատեց՝ 2017-ը այն եզակի տարիներից էր, որ սեփական եկամուտները հավաքագրվել են հարյուր տոկոսով: Մարզի ղեկավարը վստահ է, որ, ի տարբերություն նախորդ տարիների, 2019 թվականին Վանաձորի քաղաքապետարանը պարտքեր չի ունենա:
Հիշեցնենք՝ դեռ 2016-ին Վանաձորի քաղաքապետարանը ավելի քան 160 միլիոն դրամ աշխատավարձի պարտք էր կուտակել, որն ի վերջո մարվեց պետբյուջեի պահուստային ֆոնդից կատարված հատկացման արդյունքում: