Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում արձանագրվել է հարկերի հավաքագրման «ամենամեծ կատարողականը»


«Մարզի պատմության մեջ հավանաբար ամենամեծ կատարողականն ենք ունեցել: 2016 թվականի համեմատ 388 միլիոն 690 հազար դրամով ավել գումար է հավաքվել: Ուզում եմ շեշտել, որ դրանք սեփական եկամուտներն են, այսինքն կոպեկ-կոպեկ, մինչև վերջին լուման գնում է համայնքների սեփական խնդիրների լուծմանը», - հայտարարեց մարզպետը:

Սակայն գյուղատնտեսության մեջ անկում կա: Երաշտի պատճառով բերքն է քիչ եղել, նաև անասնագլխաքանակն է նվազել․ - «Գյուղատնտեսության անկումը 2016 թվականի համեմատ 2.5 տոկոս է կազմել․ 99.1 միլիարդ եղել է 2017 թվականին, և 101.7 միլիարդ եղել է 2016 թվականին: Բայց դաշտավարության մեջ ունեցել ենք մոտ 40 տոկոսի անկում»:

Մարզում գերխնդիրը մնում է աղքատությունն ու գործազրկությունը: Արթուր Խաչատրյանը մի քանի օրինակ բերեց, երբ աշխատանք է առաջարկվում, բայց աշխատող չեն գտնում․ - «Ամսական 250 հազար դրամ պլյուս օրապահիկ, պլյուս օրվա կես լիտր օղիով մարդիկ չեն կարողանում հասարակ հովիվ գտնեն: Այստեղ լուրջ քննարկման խնդիր կա»:

Եվրամիության դեսպանը վերջերս հայտարարեց, որ բավականին մեծ ծրագրեր են իրականացնելու Շիրակի մարզում:

Հարցին, թե Ամասիայում Եվրամիության կողմից բրդի վերամշակման արտադրամասը երբ է բացվելու, մարզպետն արձագանքեց․ - «Եվրամիության դեսպանի տեղեկացմամբ՝ ամսի 1-ին արդեն մենք կհայտարարենք այդ ծրագրի մեկնարկի մասին»:

Դիտարկմանը, որ Եվրամիությունը բավականին մեծ գումար է ներդնում մարզում ծրագրերի իրականացման համար, որոնց մեծ մասը սոցիալական բնույթի են, և հարցին, թե ինչ է անելու պետությունը, Խաչատրյանն արձագանքեց․ - «Նախ, Եվրամիությունը եկավ, որովհետև կա պետություն․․․ Քաղաքի կենտրոնում 25 միլիոն վարկային ծրագիրն է, Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցների զգալի մասը գալիս է այստեղ: Այսինքն, որ նայենք, թե այս ծրագրերով որ մարզն է ավելի շատ գումար գալիս, կտեսնենք, որ մեր մարզը ամենաքիչ եկողը չի»:

Մարզի զարգացան հեռանկարային ոլորտներից է համարվում տուրիզմը: Այդ ֆոնին անցած տարի Գյումրիում տեղակայված ազգային փոխադրող «Տարոն ավիան» ընդամենը վեց ամիս աշխատելուց հետո՝ հունվարին դադարեցրեց թռիչքները: Ավիատոմսերի վաճառք իրականացնող ընկերությունները «Տարոն ավիայի» հեռանալը պայմանվորեցին ռուսական «Պոբեդայի» կողմից դեպինգային քաղաքականություն իրականացնելու հետ:

Այս առնչությամբ Շիրակի մարզպետն ասաց․ - «Եթե «Տարոն ավիան» ունի լուրջ կասկածներ, որ դեմպիպնգ է իրականացվում, պետք է դիմի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, այնտեղ կքննարկվի: Այդ հարցը մարզպետարանի իրավասությունների ոլորտում չի, բայց, իհարկե, մեզ համար տխրեցուցիչ էր, որ «Տարոն ավիան» դադարեցրել է թռիչքները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG