Մատչելիության հղումներ

14 տարի առաջ խոշտանգված Գրիշա Վիրաբյանն ի վերջո առերեսվեց Երևանի նախկին ոստիկանապետի հետ


Գրիշա Վիրաբյան, արխիվ
Գրիշա Վիրաբյան, արխիվ

14 տարի առաջ դաժան ծեծի և խոշտանգման ենթարկված նախկին ընդդիմադիր Գրիշա Վիրաբյանն այսօր ի վերջո առերեսվել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ, ով, Վիրաբյանի պնդմամբ, իրեն խոշտանգել է ընդդիմադիրների կազմակերպած ցույցերին մասնակցելու համար։ «Էնքան հատկանշական էր, այսօր իմ ծննդյան օրն է, քննիչին էլ ասեցի, որ նվեր մատուցեց՝ Աշոտի հետ առերեսվեցի»,- այսօր «Ազատությանն» ասաց Վիրաբյանը:

Դեռ 2012 թվականին Եվրոպական դատարանի կայացրած նախադեպային վճռով հաստատվել է՝ Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգման։ ՄԻԵԴ-ը նաև պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը՝ վերաբացել հայաստանյան դատարաններում այդպես էլ լիարժեք քննություն չանցած աղմկահարույց գործը և պատժել 2004-ին ընդդիմության հանարհավաքների մասնակից Գրիշա Վիրաբյանին դաժան ծեծի ենթարկած ու խոշտանգած ոստիկաններին։ Եվրոպական դատարանի վճռից գրեթե 6 տարի անց, մեկ անգամ գործի վերաբացում և կարճումից հետո, այն վերջապես կարող է հասնել դատարան, ասում է Վիրաբյանի փաստաբան Արա Ղազարյանը։ «Նախաքննությունը մոտենում է ավարտին, շուտով այդ մասին մենք կիմանանք»,- ասաց փաստաբանը:

Արա Ղազարյանի խոսքով՝ իր և իր պաշտպանյալի նպատակն է, որ հայաստանյան իրավապահները Վիրաբյանի գործը վերաբացելիս վերջապես կիրառեն խոշտանգման մասին հոդվածը, որը նախկինում մեղադրական եզրակացություններում չի եղել։

Չբացելով նախաքննական գաղտնիքները՝ Վիրաբյանը և փաստաբանը չեն հայտնում, թե Եվրոպական դատարան հասած՝ խոշտանգման գործի վերաբերյալ 14 տարի անց ինչ է վերջապես պարզել նախաքննական մարմինը։ Վիրաբյանը միայն հայտնում է, որ կրկնել է նախկին ցուցմունքները. 2004-ի ապրիլին ոստիկանության Արտաշատի բաժանմունքում ինքը դաժան ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից․ այն ժամանակ մարզային վարչության աշխատակից, այժմ ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարպետյանը կարգադրել է նրան ձեռնաշղթա հագցնել և կոշիկով հարվածներ է հասցրել գոտկատեղից ներքև, ինչից հետո ծանր վիճակում Վիրաբյանը տեղափոխվել է հիվանդանոց։

2014-ին ասուլիսի ընթացքում Աշոտ Կարապետյանը հերքել էր Վիրաբյանի պնդումները: Այսօր մեզ հետ զրույցում նա ասաց, որ այդ գործի մասին այլևս խոսել չի ուզում․ «Ուղղակի հոգնել եմ այդ թեմայով անընդհատ խոսելուց, դիմեք նախաքննական մարմնին»:

Վիրաբյանը, մինչդեռ, ասելիք շատ ունի: Վստահեցնում է, որ եթե վերջապես գործը հասնի դատարան, այնտեղ կարող է հեշտությամբ ապացուցել, որ որևէ մեկին չի զրպարտում։ Միայն թե, ըստ Վիրաբյանի, Հայաստանի իշխանություններն արդեն 14 տարի ամեն ինչ անում են՝ ոստիկաններին մեղադրյալի աթոռին չնստեցնելու համար։

«Եթե այսօր Աշոտ Կարապետյանին պատժեն, հարց է առաջանում՝ գործը Եվրադատարանում էր, ինքը մեղադրականում կա, ինչպե՞ս պատահեց, որ նորից տվեցին Երևանի ոստիկանապետ, քրեական վարչության պետ, գեներալի կոչում: Էդ հարցրին պատասխան տվողը չկա: Դրա համար էլ իշխանություններն ամեն կերպ պաշտպանում են Կարապետյանին»,- ասում է Գրիշա Վիրաբյանը:

Նա պնդում է նաև, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ, պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ամիսներ առաջ իրեն կաշառք է առաջարկել, որպեսզի վերջինս հրաժարվի այս գործից, ինչի վերաբերյալ ինքն օրերս հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Քննչական կոմիտեից հասատեցին՝ դիմում ստացել են, բովանդակությանը դեռ ծանոթ չեն։ «Առաջարկեց 5 հազար դոլար, որ ես հրաժավեմ: Դիմել եմ Քննչական կոմիտե և ԱԱԾ՝ այդ հիմքով քրեական գործ հարուցելու համար»,- ասաց Վիրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG