Մատչելիության հղումներ

Կառավարությունը հաստատել է Շիրակի մարզից ներկայացված 7 ներդրումային ծրագիր


Տեքստիլ արտադրամաս Գյումրիում, արխիվ
Տեքստիլ արտադրամաս Գյումրիում, արխիվ

Շիրակի մարզից 16 ներդրումային ծրագիր է ներկայացվել Կառավարությունը, գործադիրը հաստատել է 7-ը, «Ազատությանը» փոխանցեց Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը։

«Ներդրումային ծրագիրը վարկային ծրագիր է, սակայն պետությունը իր աջակցությամբ վարկային տոկոսադրույքները ցածր սահմանում․ կա՛մ սուբսիդավորում է, կա՛մ ինչ֊որ ներդրումների, կա՛մ իր միջոցների, կա՛մ այլ աղբյուրների հաշվին», - մանրամասնեց Բադիշյանը:- «Այսինքն, ենթադրենք ինքը բանկից ստանում է 10 տոկոսանոց վարկ: Դա ներկայացնում է Հանձնաժողովին, որը կարող է որոշել, որ 6 տոկոս էլ պետությունը սուբսիդավորում է տվյալ վարկը: Այսինքն իր համար դառնում է 4 տոկոս: Սա լավ պայմաններից մեկն է՝ խրախուսելու մեր ներդրողներին, որպեսզի կարողանան բերել նոր պայմաններ, նոր ծրագրեր ի օգուտ իրենց և՛ մեր բնակչությանը, և՛ մեր զարգացմանը»:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, 2016-ին պաշտոնը ստանձնելուց հետո մարզեր այցելելով, հորդորում էր գործարարներին ներդրումային ծրագրեր գրել, ներկայացնել Կառավարություն` դրանցից լավագույնները խոստանալով ֆինանսավորել: Հենց վարկային սկզբունքով գումարի տրամադրումն էլ պատճառ է դարձել, որ հաստատված մի քանի ծրագրերի հեղինակները հրաժարվեն դրանք իրագործելուց, պատմեց Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետը:

Հաստատված ծրագրերից մեկով նախատեսվում է ապամոնտաժել նախկին «Շիրակ» հյուրանոցի կիսավեր շինությունը։ «Բասեն Գովք» ՍՊԸ-ն պարտավորվել է տեղում երկու տարում առևտրի կենտրոն ու հյուրանոց կառուցել։ Ի դեպ, Կառավարությունն այս ծրագրում ֆինանսական աջակցություն չի ցուցաբերում, ընդամենը քաղաքապետարանին ու մարզպետարանին պարտավորեցրել է տարածքը տրամադրել: - «Նպատակը «Բասեն Գովք» ՍՊԸ֊ի կողմից ներկայացված «Բասեն» հյուրանոցային համալիրի և առևտրի կենտրոնի կառուցումն է: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը 1 միլիարդ դրամի սահմաններում է, որի շրջանակներում պետք է ստեղծվի 100-150 աշխատատեղ», - մանրամասնեց Կարեն Բադիշյանը:

Կառավարության հաստատած մեկ այլ ծրագրով էլ կհիմնանորոգվի նախկին Տեքստիլագործների ակումբը: Բադիշյանը պատմեց․ - «Գյումրու մարզամշակութային կենտրոնի ՍՊԸ-ի կողմից ներկայացված սպորտային տուրիզմի զարգացման ներդրումային ծրագիրն է, վարկավորվել է ՓՄՁ ՈՒՎԿ-ի կողմից 100 միլիոն դրամի սահմաններում: Ինքը տրանշներով է տրամադրվում, որի շրջանակներում ստեղծվելու է 20 աշխատատեղ»:

Կառավարության ներդրումային ծրագրով նաև աջակցություն է ցուցաբերվել Բավրայի հնդկացորենի վերամշակման գործարանին: Առաջիկայում նոր փաթեթավորմամբ ու նմուշով այն շուկայում կհայտնվի:

Մարզում այլ ներդրումներ ևս իրականացվում են: Օրինակ՝ Արթիկում հայ-չեխական ընկերությունը պատրաստվում է աշխատատեղեր ստեղծել:

«Արթիկի թիվ 7-րդ դպրոցը Կառավարութան որոշմամբ 20 տարի անհատույց օգտագործման իրավունքով տրվեց հայ-չեխական «Չեխարմինվեստ» ՍՊԸ-ին: Տվյալ ընկերությունը պարտավորվում է և՛ ստեղծել աշխատատեղեր, և՛ համապատասխան ներդրումներ իրականացնել», - նշեց մարզպետարանի ներկայացուցիչը:

Կարեն Բադիշյանն ասաց, որ հիմա սկսում են այս տարվա ներդրումային ծրագրերը քննարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG