Մատչելիության հղումներ

Գյումրիում բիզնես սկսելը ռիսկային է․ Գործարար


Գյումրի, արխիվ
Գյումրի, արխիվ

Աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Գյումրիում բիզնես հիմնելը ռիսկային է, կարծում է գործարար Սամվել Բադալյանը, որին պատկանող տպարանը գրեթե չի գործում պահանջարկի բացակայության պատճառով:

Ծագումով գյումրեցի գերմանաբնակ գործարարը 3,5 տարի առաջ 100 հազար դոլարի ներդրում էր արել ու տպարան բացել: Բադալյանը ժամանակին աշխատել է Գյումրիի տպարանում, որի փակվելուց հետո որոշել էր սեփականը բացել: Այսօր, սակայն, փակ է նաև նրա սեփական տպարանի դուռը: «Ազատության» հետ զրույցում Բադալյանը շատ ռիսկային համարեց Գյումրիում բիզնես հիմնելը, ընգծելով՝ «մինչ այժմ էլ փորձում ենք, բայց ոչ մի բան չի ստացվում»:

Արտերկրից մեկ այլ ներդրող՝ հոլանդահայ Մասիս Ներսիսյանն էլ ժամանակին խոստանում էր մինչև 10 հազար աշխատատեղ բացել: 2 ու կես տարի առաջ երկու այլ հոլանդացի ներդրողների հետ արտադրամաս բացեցին, որի բազայի վրա հետագայում կարի գործարան պետք է կառուցեին: Արտադրամասի բացումից մի քանի ամիս անց, սակայն, այն փակվեց, գործարարն էլ հեռացավ: Թե ինչու նրանց բիզնեսը Գյումրիում չհաջողվեց, այդպես էլ պարզ չդարձավ: Արտադրամասի դուռն արդեն 2 տարի է, ինչ փակ է:

Հիմա Գյումրիում սպասում են, թե ի վերջո երբ են բացվելու 3 տարի առաջ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոստացած 400 աշխատատեղերը: «Սաստեքս» ընկերությունը, շինարարության տնօրեն Ներսես Տասչյանի խոսքով՝ գրեթե ավարտել է շինարարական աշխատանքները: Վերջինիս ասաց, թե արդեն այս ամառ 300 հոգու կարող են ապահովել աշխատանքով: «400 աշխատատեղ պետք է լինի, չեմ ուզում ասել, բայց ավելի էլ պետք է լինի»,- ասաց Տասչյանը:

Խորհրդային տարիներին թեթև արդյունաբերությամբ հայտնի Գյումրիում վերջին 20 տարիների ընթացքում տարբեր բիզնեսներ են բացվել ու փակվել՝ փոքր կարի արտադրամասից մինչև ոսկու գործարան: Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում այսօր աղքատ է համարվում բնակչության մոտ 47 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG