Մատչելիության հղումներ

«Ես պիտի բացահայտեմ՝ ով է սպանել իմ երեխուն, ինչի համար»․ զինվորի մայր


Արդեն տասը տարի է Գոհար Սարգսյանը դատարանից դատարան է անցնում, մի պաշտոնյայի աշխատասենյակից մյուսը՝ այդպես էլ չստանալով պատասխան, թե որն է զինվոր որդու մահվան պատճառը։

«Փակ համակարգում սպանել եք, ու ոչ մեկ չի ասում, թե ինչ է կատարվել», - ասում է նա: ֊ «Իմ տղայի եղունգների տակի միսը ո՞ւր ա, ի՞նչ եք արել․․․ սենց դաժանաբար սպանություն՝ ի՞նչ ա արել բա ծնող եմ, մայր եմ..․ 19 տարի պահեմ-մեծացնեմ, Ռուսաստանից գա իր հայրենիքին ծառայելու, իր պարտքը կատարելու: 9 ամսվա մեջ դուք իմ տղային ոչնչացնեք ու չասե՞ք ինչ ա արել»:

19-ամյա Տիգրան Օհանջանյանի մահվան պատճառն անցած տասը տարիներին ոչ միայն չի հստակեցվել, ավելին՝ մեկը մյուսին հակասող եզրակացությունները նրա ծնողներին սկզբում գցեցին անորոշության մեջ, իսկ հետո ամրապնդեցին կասկածները, որ զինվորին սպանել են։

«Ինչի՞ եմ ասում սպանություն․․․ Եթե դժբախտ պատահար որակեցին ու դատարաններով չապացուցվեց դա, դրա համար ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ սպանել են իմ տղային», - ասում է մայրը:

Դատաբժիշկը 2007 թվականին եզրահանգել էր, որ Օհանջանյանը հոսանքահարվել է զորամասում, սակայն հետագայում դատարանը այս վարկածը հերքել էր, վճռում գրվել էր՝ «չի հոսանքահարվել», և գործն ուղարկվել էր նոր քննության։ Միակ մեղադրյալին՝ էլեկտրակայանի պատասխանատուին, դատարանն արդարացրել էր։ Գործի քննությունը նորից էր սկսվել, սակայն իրավապահները այս անգամ ևս էլեկտրահարման նույն վարկածն էին քննել և ամիսներ առաջ եզրահանգել՝ իրեղեն ապացույցները, մասնավորապես էլեկտրական կայանը, կորել է ու չի պարզվել, թե գործում ում պետք է ներգրավեն որպես մեղադրյալ։

«10 տարի հետո հայտարարում են՝ կորել է հանցագործության գործիքը։ 2010-ին դատարանը որոշեց, որ դեպքի վայրում հոսանք չկա», - ասում է Գոհար Սարգսյանը, - «Հենց էդ կասեցման որոշման հիմքը որ կարդում ես, արդեն հունից դուրս ես գալիս: Այսինքն՝ 10 տարի էր պետք, որ իրենք հայտարարեին, որ չի՞ բացահայտվել Տիգրան Օհանջանյանի մահվան պատճառը»:

Անորոշությունը չհուսալքեց որդեկորույս ծնողներին՝ Նախագահական նստավայրից Կառավարություն, Կառավարությունից Ազգային ժողով, բազմաթիվ բողոքի ակցիաներ են կազմակերպել, վշտակից ծնողների հետ միասին «արժանացել» ոստիկանների հրմշտոցներին։

Նրանք, որ հանրության կողմից ստացան սևազգեստ մայրեր անունը, անցած տարիներին երկար ու բարակ խոստումներ են լսել՝ անգամ նախագահ Սերժ Սարգսյանի շուրթերից։

Սարգսյանը 7 տարի առաջ Նախագահականի մուտքի մոտ՝ ճաղերի հետևից, ասել էր՝ «բոլորից շատ ինքն է շահագրգռված», որ այդ գործերը բացահայտվեն։

Չհավատալով պաշտոնական վարկածին՝ տարիներ շարունակ արդարադատություն փնտրող ծնողները, հենց սկզբից առաջ քաշելով սպանության վարկածը, սեփական հետաքննությունը սկսեցին։ Որդեկորույս մայրը տարիներով կուտակած փաստաթղթերն է բացում ու հերթով ցույց տալիս դրանք։ Լուսանկարել են որդու մարմինը, որտեղ, ըստ Գոհար Սարգսյանի, վնասվածքներ կան, որոնք դատաբժիշկը չի արձանագրել։

«Եթե իմ տղան էլեկտրահարվել է, հոսանքից շո՞ր է պատառոտվում, հոսանքից ատա՞մ է դուրս թռնում», - հարցնում է նա:

Ամիսներ առաջ՝ գործը կասեցնելու մասին որոշումից հետո, կաթվածից մահանում է Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանը: Որդեկորույս մայրն ասում է՝ թեևաթափ չի լինելու, արդարության հասնելու դժվար ճանապարհին բազմաթիվ առողջական խնդիրներ է ձեռք բերել, բայց շարունակելու է պայքարը։ Զինվորի գործը Եվրոպական դատարանն արդեն վարույթ է ընդունել։

«Այլ վարկածը ո՞րն է՝ սպանություն: 10 տարիների ընթացքում նրանք մտածել են, որ ուրեմն ընենց մարդ է էդ սպանությունը արել, որ նրանց չէին կարող մեղադրել», - ասում է Գոհար Սարգսյանը:

Զինվորի ծնողները բազմիցս են բարձրաձայնել իրենց կասկածների մասին՝ նշել, որ նրան սպանել են գեներալներից մեկի թիկնապահները։ Գոհար Սարգսյանը ցույց է տալիս նաև դեպքից օրեր առաջ զորամասում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին արձանագրությունը։ Ասում է՝ որդին ևս վնասվածք է ստացել, որը արձանագրվել է մատյանում։ Այս ամենը, սակայն քննության առարկա չի դարձել։ Որդեկորույս մայրն անցած շաբաթ դատարանում մտ մեկ ժամ պատմել է եղելությունը, բայց արդարադատության ակնկալիք Հայաստանի ներսում չունի։

«Ես պիտի բացահայտեմ՝ ով է սպանել իմ երեխուն, ինչի համար», - պնդում է որդեկորույս մայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG