Ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը շարունակում է անպատասխան թողնել հարցը՝ առաջիկայում խորհրդարանում կայանալիք նախագահի ընտրություններում պաշտպանելո՞ւ է արդյոք Հանրապետականի առաջադրած՝ Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի փոխանցմամբ՝ այդ հարցը դեռ չեն քննարկել: Ընդդիմադիր պատագամավորն, այդուհանդերձ, չի թաքցնում Արմեն Սարգսյանի հանդեպ իր դրական վերաբերմունքը:
«Բարձր մակարդակի անձնավորություն է բոլոր առումներով, այդ թվում նաև, ամենակարևորը՝ Հայաստանի համար արտաքին հարաբերությունների առումով ունի մոտեցում և ընկալում աշխարհի խոշորների մոտ: Իսկ դա չափազանց կարևոր է Հայաստանի համար»,- «Ազատությանն» ասաց Վարդան Բոստանջյանը: Վերջինիս խոսքով՝ իրենք որոշում կկայացնեն խմբակցության կոլեգիալ նիստում: Խմբակցության դիրքորոշումն էլ, ըստ նրա, նախևառաջ պայմանավորված կլինի թեկնածուի «որակական չափանիշներով»: Կողմնորոշման առումով, մասնավորապես, էական է հարցադրումը՝ «ո՞ր մարդը կարող է երկրին օգուտ բերել»:
Նախորդ ուրբաթ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի անունից Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան՝ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանին առաջարկեց առաջադրվել որպես նախագահի թեկնածու, շեշտելով՝ ցանկանում է, որ խորհրդարանը նրան ընտրի առաջին իսկ փուլով։ Դրա համար, նոր Սահմանադրությամբ, իշխող Հանարապետականին կոալիցոն գործընկեր Դաշնակցությունից բացի, անհրաժեշտ կլինի նաև ընդդիմադիր պատգամավորներից առնվազն 14-ի աջակցությունը, անհրաժեշտ քվեների սահմանված 3/4-ի շեմը հաղթահարելու համար։
«Ելքն» արդեն հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը։ Խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժի՝ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը, սակայն, ընդծում է՝ լինել ընդդիմություն, դեռ չի նշանակում պարտադիր դեմ լինել իշխանության թեկնածուին․ «Արմեն Սարգսյանին անձամբ ես համարում եմ Հայաստանի Հանրապետության իմպերատիվ մեծ արժեք ունեցող քաղաքացի: Եվ ելնելով ընդդիմություն-իշխանություն հարաբերակցությունից, դա դեռ չի նշանակում, որ եթե նա առաջարկվել է իշխանության կողմից, ուրեմն մենք դեմ պետք է լինենք»:
Նախքան ՀՀԿ-ի կողմից Արմեն Սարգսյանին արված առաջարկի հրապարակումը, «Ծառուկյան» խմբակցությունը գլխավորող Գագիկ Ծառուկյանը ևս չէր բացառել, որ այս հարցում հնարավոր է՝ աջակցեն Հանրապետականին։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը չի կասկածում՝ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ է քվեարկելու, և ընդդիմադիր լինելն, ըստ նրա, խոչընդոտ չէ։ «Ծառուկյան» դաշինքը հասարակության համար այլևս որևէ հանելուկ չի ներկայացնում, և էս տեսանկյունից կարծում եմ՝ խնդիր չկա, [որ աջակցեն ՀՀԿ-ին]»,- ասաց մեկնաբանը:
Նոր Սահմանադրությամբ Հայաստանի 4-րդ նախագահին ընտրելու է խորհրդարանը: Նախագահի թեկնածություն առաջադրելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն։ 31 մանդատ ունեցող «Ծառուկյան» խմբակցությունը սեփական թեկնածու չի առաջադրելու, խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժը հրաժարվեց աջակցել նաև 9 պատգամավոր ունեցող՝ ընդդիմադիր «Ելք» դաշինքին՝ թեկնածու առաջադրելու հարցում։
Արմեն Սարգսյանն առայժմ Հայաստանի 4-րդ նախագահի միակ հնարավոր թեկնածուն է: Վերջնական որոշում կայացնելու համար նա նախագահից ժամանակ է խնդրել։ Սարգսյանը հայտարարել է նաև, որ որ ոշում կայացնելուց առաջ ցանկանում է զրուցել քաղաքական ուժերի ներկայացուցիչների, այդ թվում նաև արտախորհդարանական ընդդիմադիրների հետ։
«Ազատության» հետ զրույցում արտախորհրդարանական ուժերից ՀԱԿ-ի և «Ժառանգության» փոխնախագահները տեղեկացրեցին, որ Արմեն Սարգսյանից առայժմ հանդիպման առաջարկ չեն ստացել, հետևաբար հարցը կուսակցություններում չեն քննարկել։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանն այժմ Լոնդոնում է և Հայաստան կվերադառնա շաբաթվա վերջին: