Մատչելիության հղումներ

Արդարամիտ թուրք պրոֆեսորը դատապարտում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

2017թ. դեկտեմբերի 30-ին հանրածանոթ թուրք քաղաքագետ, լրագրող և գրող Չենգիզ Աքթարը հրապարակել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ անաչառ և կարեկցական հոդված: «Անցյալի բռնության դիմակայումն ավելի մեծ բռնությամբ» խորագիրը կրող Աքթարի հոդվածը տեղադրված է Ahvalnews.com արտասահմանյան կայքէջում՝ թուրքական կառավարության ճնշող վարչակարգի հասանելիությունից դուրս։

Պրոֆ. Աքթարն իր հոդվածը սկսում է խիստ զգուշացմամբ թուրք ժխտողականներին. - «Եթե մենք, որպես հասարակություն, չենք առերեսվում մեր անցյալի զանգվածային հանցագործությանը, ինչպիսին 1915թ. Հայոց ցեղասպանությունն է, և եթե պատշաճ փոխհատուցում չենք տալիս անմեղ զոհերի ժառանգներին, անպատժելիությունը կհետապնդի մեզ, և նույնիսկ ավելի մեծ չարիք կգա մեր գլխին։ Սա դարավոր բարոյական ծանր իրավիճակ է՝ շատ խորը արմատներով»։ Աքթարը պահանջում է ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչում, այլև, որ ավելի կարևոր է, «փոխհատուցում»:

Պրոֆ. Աքթարը գտնում է, որ 1915 թվականից ի վեր Թուրքիայում տեղի ունեցած բոլոր չարիքների արմատը թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտումն է. - «Հաշվի առնելով, որ Ցեղասպանությունն իր էությամբ զանգվածային հանցագործություն է, քան որևէ հասարակական, անհատական կամ հավաքական օրինազանցություն, կամ այսօրվա չդադարող չարիքները, և եթե հասարակական գիտակցությունը կարող է մարսել Ցեղասպանությունը, այն կարող է հեշտությամբ հանդուրժել ցանկացած անօրինականություն։ Այսպիսով, չարիքը չարիք է ծնում։ Մենք, որպես հասարակություն, մշտապես մերժել ենք անդրադառնալ 1915 թվականի իրադարձություններին՝ այդ մեղսագործությանը հետևած խախտումների պատճառով, որոնք ուղղակիորեն փոխկապակցված էին Ցեղասպանության անպատժելիության, ինչպես նաև կամավոր կամ պարտադրված խելագարության հետ»։

Իրականում, բռնությունը և անարդարությունը սովորական երևույթ են դարձել Թուրքիայում` կապված Հայոց ցեղասպանության զանգվածային հանցագործությունների հետ. - «…Հավաքական խելագարությունը, հավաքական բռնությունը և հավաքական անառակությունը, որոնք պարտադրել են 1915 թ. հանցանքներից հետո, դարձել են մեր կենսակերպը։ Այժմ մենք անսահման բռնություն և անառակություն ունենք ամենուրեք, մեր տներում, զորանոցներում, աշխատավայրերում, հիվանդանոցներում, բոլոր ասպարեզներում, քաղաքականությունից մինչև լրատվամիջոցներ՝ մարդկանց, կենդանիների, բնության, քաղաքների, մշակույթի, ամեն ինչի դեմ։ Անօրենությունը, անպատժելիությունը, անարդարությունը և անտարբերությունը ևս ամենուրեք են»։

Աքթարը Հայոց ցեղասպանության ժխտումը նկարագրում է որպես Թուրքիայի վրա շարունակվող «անեծք», որը թուրքական հասարակության մեջ հանգեցրել է ներկայիս բազմաթիվ չարիքներին. - «Որոշակի շիզոֆրենիա, որն ստիպում է անմիջապես մոռանալ և փորձել մյուսներին ևս ստիպել մոռանալ հասցված բռնությունը։ Սա ընդհանուր հիվանդություն է, որը գերազանցում է սովորական ամենօրյա քաղաքականության պատրանքը: Այնուամենայնիվ, անցյալի բռնությունների ճնշված հիշողությունները պահպանվում են հասարակության ենթագիտակցության մեջ՝ ավելի շատ բռնություն ստեղծելով, փորձելով մեր խելագարության սահմանները։ Այնպես որ փորձելով մոռանալ մի չարիքը՝ մենք նորն ենք ստեղծում… Միգուցե սա հասարակության անեծքն է, որը հրաժարվում է կամովին առերեսվել իր անցյալի բռնությանը՝ ակամա դիմակայելով ամենօրյա բռնությանը՝ իր բոլոր աղետաբեր հետևանքներով»։

Իր գթասիրտ մարդասիրական հոդվածի վերջում Աքթարը վերատեղադրում է մեկ այլ հզոր հոդված, որը նա գրել էր մինչև 2015 թվականը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, «Թարաֆ» թերթում, որը թուրքական իշխանությունները ջնջել են կայքէջից։

Իր ավելի վաղ հոդվածում պրոֆ. Աքթարը նաև ընդունում է, որ այսօր Թուրքիայում տեղի ունեցող բոլոր չարիքները պայմանավորված են Հայոց ցեղասպանության զոհերի անեծքներով` ուղղված թուրքական հասարակությանը. - «Ով գիտի, մեզ հետապնդող բոլոր չարիքները, անվերջ զանգվածային սպանությունները և այս դժբախտություններից դուրս գալու մեր անկարողությունը միգուցե պայմանավորված են դարավոր անեծքով և դարավոր ստով։ Ի՞նչ եք կարծում։ Սա, թերևս, հայերի, երեխաների, կանանց և տղամարդկանց նզովքն է, որոնք նահատակվեցին հառաչանքով և թաղվեցին առանց դագաղի։ Սա միգուցե մեր հոգիներում առաջացած փոթորիկներն են, որ ստեղծվել են դեռևս հոգեվարքում գտնվող ուրվականների՝ մեր բոլոր դժբախտ քաղաքացիների, ներառյալ հույների և սիրիացիների, իսկ հետագայում ալևիների և քրդերի կողմից։ Հավանաբար, 1915 թվականից ի վեր կոտորածները, որոնք դեռևս հաշվի չեն առնվել և դրա համար մինչ օրս չվճարված գինն այժմ տարբեր տեղերում վճարում են մեր թոռները։ Անիծված ենք խլված, գողացված կյանքերի, թալանված տների, ավերված եկեղեցիների, բռնագրավված դպրոցների և բռնազավթված ունեցվածքի համար․․․ «Տա Աստված՝ այս ամենի համար վճարես քո գալիք բոլոր սերունդներով»․․․ Չե՞նք վճարում արդյոք մինչ օրս արված ողջ անարդարության գինը։ Փոխհատուցումը արդյոք չի՞ դրսևորվում այն հոժարակամությամբ, որ չենք կարողանում առերեսվել մեր անցյալի մեղքերին, կամ անբարեխիղճ ձևով, որ դարձել է մեր սովորությունը՝ անարդարության նկատմամբ մեր երկարատև հանդուրժողականության պատճառով։ Թվում է, թե մեր հասարակությունը մեկ դարի ընթացքում քայքայվել է՝ թարախակալելով ամբողջ շրջապատը»:

Երբ թուրք ղեկավարները ընդունեն իրենց նախնիների կատարած զանգվածային հանցագործությունները և հատուցեն դրանց համար, ինչպես պրոֆ. Աքթարն է առաջարկում, ապա միայն այդ ժամանակ Հայաստանն ու Թուրքիան կարող են նորմալ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, և միայն դրանից հետո նրանք կարող են անցյալը թողնել հետևում։ Թող Ալլահի օրհնությունը լինի այս արդարամիտ թուրքի և նրա աստվածային արդարության հետապնդման վրա․․․

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Facebook Forum

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG