«Մոնումենտի» երբեմնի անտառածածկ տարածքում՝ նորակառույց առանձնատների կողքին մի նոր ճանապարհ է հայտնվել։ Այն ճիշտ մեջտեղից կիսում է նախկին այգուց մնացած տարածքը: Թե ով է կառուցել ճանապարհը, պարզ չէ։ Այն անվանում չունի, քարտեզներում էլ նշված չէ:
«Ազատության» հարցումից հետո միայն այսօր ոստիկանները եկան և տեղում արձանագրեցին, որ նախկին այգու տարածքում ճանապարհ է կառուցվել, ու անգամ ճանապարհային երթևեկության նշան է տեղադրվել, մինչդեռ նման նշան տեղադրելու իրավունք միայն ոստիկանությունն ունի։ Ուսումնասիրությունից հետո Ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանն ասաց՝ անօրինականություն է տեղի ունեցել, և իրենք Երևանի քաղաքապետարանի հետ կքննարկեն՝ արդյո՞ք կարելի էր այդտեղ ճանապարհ կառուցել, թե ոչ։
«Նշանն անօրինական է տեղադրված: Բայց քանի որ արդեն կա կառուցված ճանապարհ, նշաններով պետք է կարգավորվի: Բայց մենք հիմա ուոսումնասիրում ենք էդ ճանապարհը, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ որոշում կլինի՝ այդ հատվածում ճամապարհ պե՞տք է կառուցվի, թե ոչ»,- ասաց Կոնստանտին Կոստանյանը:
Բնապահպան Լևոն Գալստյանը, շրջելով նախկին այգու դեռ չկառուցապատված հատվածում, արձանագրեց՝ այն վերածվել է աղբանոցի, իսկ թե քանի կտրված ծառի բուն է մնացել աղբի տակ, դժվար է ասել։ Ինչ վերաբերում է «ինքնաշեն» ճանապարհին, ապա այն, Գալստյանի կարծիքով, կկառուցվի, քանի «այստեղ ապրողների համար դա խնդիր չէ»։ «Ժողովրդի մեծ մասը գիտի՝ որն ումն է, բնականաբար՝ իրենց խմբի մեջ նեգրավված մարդիկ նախ՝ ունեն էնքան փող, որ կարողանան այս պալատները կառուցեն, քանի որ իրենք թալանել են էս երկիրը, երկրորդ՝ իրենք ունեն թույլտվություն պետության կողմից՝ առանց պատժվելու անօրինականություններ կատարելու»,- ասաց Գալստյանը:
Ըստ հայաստանյան մամուլի, այս տարածքում առանձնատներ ունեն տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Իսկ ԱԺ շենքի նմանությամբ կառուցված առանձնատունն էլ, համաձայն մամուլի հրապարակումների, պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Գործող վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը ևս այս տարածքում տուն ունի: Կարապետյանը միակ պաշտոնյան է, ով չի էլ թաքցնում այդ փաստը: Ավելին՝ մոտ երկու ամիս առաջ մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարեց, թե իրենք տունը կառուցելիս ծառ չեն կտրել, քանի որ երբ տունը գնել են՝ ծառերն արդեն կտրված էին։ «Շատ վատ եմ վերբերվում անտառներ կտրելուն, բայց [տան] գնման պահին այնտեղ անտառ չի եղել»,- ասել էր Կարապետյանը:
Ավելի կանաչ Երևան խոստացող քաղաքային իշխանությունները «Մոնումենտի» երբեմնի այգու այս հատվածի ծառահատումներին չեն էլ անդրադառնում։ Մոտ 4 տարի առաջ ասուլիսի ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջին տեղակալ Կամո Արեյանը հայտարարել էր՝ այգու այդ հատվածը վաղուց սեփականաշնորհվել է, և այնտեղ իրականացվող շինարարության հետ կապված խնդիր չկա։
Երբեմնի խիտ ու գեղեցիկ այգու տարածքում այժմ հաշված թվով ծառեր են միայն մնացել, իսկ նշված հատվածն էլ որպես հանրային զուգարան ու աղբանոց է օգտագործվում։ Բնապահպան Լևոն Գալստյանը կանաչապատան մասին պաշտոնյաների հարյուրավոր խոստումներն է հիշում ու արձանագրում՝ «դրանք թղթի վրա մնացին»։
Ինչ վերաբերում է նախկին այգու տարածքով անցնող ինքնաշեն ճանապարհին՝ ոստիկանության պաշտոնյան այսօր ասաց, թե կուսումնասիրեն՝ եթե այստեղ ճանապարհ է անհրաժեշտ, ապա այն կարելի է կառուցել։ Իսկ անօրինական ճանապարհային նշանի առնչությամբ էլ փոխգնդապետն ասաց՝ կպարզեն դա տեղադրողներին և կքննարկեն պատասխանատվության ենթարկելու հարցը։