Ռուսաստանի Աստրախան քաղաքից դուրս գալիս ոստիկանները բերման են ենթարկել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամենակոշտ ընդդիմախոս «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին։
Նրանք Վոլգոգրադ էին ուղևորվում՝ մասնակցելու ընդիմադիր գործչին նախագահի թեկնածու առաջադրելու հավաքին։
Ոստիկանները ակտիվիստներից վերցրել են փաստաթղթերը՝ հայտարարելով, որ վերջիններս ամրագոտիները կապած չեն եղել; Բերման ենթարկվածներից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսները հրավիրվել են ոստիկանական բաժին։
Ոստիկանները խոստացել են նրանց ևս ազատ արձակել, եթե խոստովանեն, որ գնում են «Նավալնիի հանրահավաքին»։
Այսօր Նավալնիին աջակիցների հանրահավքներ նախատեսված են Ռուսաստանի 20 քաղաքներում։
Նշենք, որ դեկտեմբերի 18-ից Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը:
Քարոզարշավի մեկնարկի օրը Նավալնին հայտարարել է, որ պատրաստվում է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ իրեն երկրի նախագահի թեկնածու գրանցելու համար։
Նա նաև հայտարարել է, որ իր աջակիցները պատրաստվում են նախաձեռնող խմբերի հավաքներ անցկացնել՝ ոչ միայն Մոսկվայում, այլ նաև Ռուսաստանի 20 քաղաքներում, որպեսզի իշխանություններին հնարավորություն չտրվի խոչընդոտել իր առաջադրումը։
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սակայն, հայտարարել է, թե նա չի կարող առաջադրվել, քանի որ պայմանական ազատազրկման է դատապարտված«Կիրովլես»-ի գործով։
Այդուհանդերձ, Նավալնին վերջին ամիսներին ակտիվ քարոզարշավ է իրականացնում ռուսաստանյան խոշոր քաղաքներում՝ հավաքելով բազմահազար աջակիցների: Նա, վկայակոչելով ռուսաստանյան Սահմանադրությունը, պնդում է, թե մայր օրենքը չի արգելում իր առաջադրումը։
Նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրության մասին մասնավորապես հայտնել են գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, հեռուստալրագրող Քսենիա Սոբչակը, գործարար Սերգեյ Պոլոնսկին, ձեռնարկատերների իրավունքների պաշտպան Բորիս Տիտովը։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին արդեն ԿԸՀ-ում պաշտոնապես գրանցվել է որպես նախագահի թեկնածու:
Ռուսաստանում հերթական նախագահական ընտրություններն անցկացվելու են 2018 մարտի 18-ին: Դա Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելու օրն է: