Մատչելիության հղումներ

Կառավարությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծարի Վանաձորի ավագանին


Վանաձորի ավագանու նիստը, արխիվ:
Վանաձորի ավագանու նիստը, արխիվ:

Կառավարությունը, ըստ ԼՀԿ («Լուսավոր Հայաստան» կուսակցության) անդամ Մանե Թանդիլյանի, դժվար թե Վանաձորի ավագանին լուծարի և արտահերթ ընտրություններ նշանակի:

Պատգամավորի խոսքով՝ թեև գործադիրը դեռ պաշտոնապես չի պատասխանել Վանաձորի ավագանու լիազորությունները դադարեցնելու և արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումին, սակայն Արդարադատության նախարարի պատասխանն Ազգային ժողովում հնչեցրած իր հարցին այդ մասին է վկայում․ - «Մենք սպասում ենք պաշտոնական պատասխանին, ժամկետը չեն լրացել: Բայց դիրքորոշումը, որ կա այս պահին, ես տեսնում եմ, որ լավ բան չի ասում»:

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել էր, որ Վանաձորի ավագանու լիազորությունները վերանայելու որևէ հիմք չեն տեսնում, թեև Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է համարել «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի այն դրույթները, որոնք թույլ էին տալիս ավագանուն առանց քվորումի որոշումներ կայացնել: Հարությունյանի պնդմամբ՝ ՍԴ-ն նաև նշել է, որ այդ դրույթները ուժը կկորցնեն միայն հաջորդ տարվա մարտին, իսկ Վանաձորում արդեն նոր իրողություն է․ այնտեղ «Հայկական վերածնունդը» կոալիցիայի մեջ է մտել Հանրապետականին և Դաշնակցության հետ՝ ապահովելով ավագանու անդամների կեսից ավելիի ներկայությունը: «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները, սակայն, շարունակում են անցած տարի սկսած բոյկոտը:

Ըստ Մանե Թանդիլյանի, այս բացատրությունը քաղաքական ճգնաժամը չի վերացնում, ավագանին կես տարի ապօրինի նիստեր է գումարել, և դա չի կարող անհետևանք մնալ․ - «Իրենք էլ շատ լավ գիտեն, որ դա Սահմանադրությանը հակասում է, և որ դրա լուծումը նոր ընտրություններ նշանակելն է: Եվ այդ առումով Դավիթ Հարությունյանը իրավաբանական առումով լավ է փաթեթավորում, բայց դա չի բացատրում այն հանգամանքը, որ մեկ տարի անընդմեջ հակաօրինական, հակասահմանադրական նիստեր են գումարվել և ընդունվել որոշումներ»:

Մանե Թանդիլյանի շեշտադրմամբ՝ ստացվում է, որ տեղական ինքնակառավարման մարմինները որոշվում են ոչ թե ժողովրդի քվեով, այլ իշխող Հանրապետականի ցանկությամբ․ - «Ստացվում է, որ անկախ նրանից, թե դուք ինչ արդյունք կգրանցեք որևէ ընտրական տեղամասում կամ ընտրատարածքում կամ համայնքում, իշխանությունը պատկանում է Հանրապետական կուսակցությանը: Մենք ամեն կերպ փորձեցինք ընդդիմադիր ձայները կոնսոլիդացնել և թույլ չտալ իշխանության զավթում, բայց այն տեռորը, որ մանդատագողության միջոցով կարողացան մարդկանց ճնշել և չգիտես ինչ լծակներով ազդել նրանց որոշման վրա մեկ գիշերվա ընթացքում, դառնում է արդեն փաստ: Եվ մենք տեսնում ենք, որ այն բարեփոխումները, ռեֆորմները, որի մասին խոսում են, դրանք սին են․․․ Բայց մի բան էլ ակնհայտ է, որ եթե «Լուսավոր Հայաստանը» այն ժամանակ ունենար փոքր-ինչ ավելի մանդատ, նման բան տեղի չէր ունենա»:

Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը («Ծառուկյան» դաշինք) ևս կարծում է, որ սահմանադրության դրույթը, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, այս դեպքում խախտվել է, ընդ որում ոչ միայն Վանաձորում, այլև Գյումրիում․ - «Ամեն դեպքում, մի տարի ապօրինի, անօրինական քաղաքապետարանը նիստեր է գումարել, որոշումներ է ընդունել, բյուջե է հաստատել․․․ այսինքն, դա հերիք էր, որ նման իրավունք տար էդ տարածքում, էդ բնակավայրում՝ Վանաձորում անցկացնեն նոր ավագանիի ընտրություններ: Օրինակ, նույն Գյումրի քաղաքում կրկնակի բոնուսներ աշխատեցրեցին, երբ մեր Սահմանադրության երկրորդ կետով ասվում է, որ ժողովուրդն է ձևավորում իշխանությունը, փաստորեն Գյումրիում էլ 34 տոկոս հավաքած Սամվել Բալասանյանը կրկնակի բոնուսի արդյունքում դարձավ քաղաքապետ»:

Հանրապետականի կոալիցիոն գործընկեր Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Վանաձորում տրված լուծումներն իրավիճակային են, իսկ հիմնավոր փոփոխությունների համար պետք է օրենքը դարձյալ խմբագրել․ - «Ֆունդամենտալ լուծումն էն է, որ պետք է ընտրությունները լինեն առանց բոնուսների»:

Հանրապետականի խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վստահ է, որ Վանաձորում արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա․ - «Համոզված եմ, որ այն համաձայնագիրը, որը ստորագրվել է Վանաձորում ավագանու տարբեր խմբակցությունների միջև, իր դրական ազդեցությունը կունենա հետագա աշխատանքներում»:

«Լուսավոր Հայաստանը» կուսակցությունն իր հետագա գործողությունները, այդ թվում և Վանաձորի ավագանու նիստերը բոյկոտը շարունակել-չշարունակելու հարցը կքննարկի Կառավարության պատասխանը ստանալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG