Մատչելիության հղումներ

Թրամփ․ Ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք


Տեսարան Երուսաղեմի Հին քաղաքից
Տեսարան Երուսաղեմի Հին քաղաքից

«Ժամանակն է պաշտոնապես ճանաչել Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք»,- այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ հանձնարարելով Պետդեպարտամենտին սկսել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախապատրաստական աշխատանքները: Փորձագետների կարծիքով, տեղափոխման գործընթացը կարող է 3-4 տարի տևել:

Երուսաղեմի կարգավիճակի շուրջ վեճը մերձավորարևելյան կարգավորման առանցքային դրվագներից մեկն է: Մինչև 1967 թվականին տեղի ունեցած վեցօրյա պատերազմը Իսրայելը վերահսկում էր քաղաքի միայն արևմտյան հատվածը: Քաղաքի արաբական թաղամասերի հանդեպ վերահսկողություն սահմանելուց 13 տարի անց` 1980 թվականի ամռանը Իսրայելի խորհրդարանը Երուսաղեմը հռչակեց Իսրայելի «միասնական և անքակտելի մայրաքաղաք»: Միջազգային հանրությունը, սակայն, այս որոշումը չի ընդունում` Իսրայելում իր դիվանագիտական ներկայացուցչությունները տեղակայելով Թել Ավիվում: Պաղեստինցի արաբներն իրենց հերթին համարում են, որ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա անկախ Պաղեստինի մայրաքաղաքը:

Թրամփի այս քայլը տրամագծորեն տարբերվում է ԱՄՆ-ի՝ տասնամյակներ շարունակ վարած քաղաքականությունից՝ համաձայն որի քաղաքի կարգավիճակը պետք է որոշվի պաղեստինցիների հետ բանակցությունների արդյունքում:

ԱՄՆ նախագահը այսօր հայտարարել է, որ ինքը շարունակելու է «իրենից կախված ամեն ինչ անել», որպեսզի ուժի մեջ մտնի և՛ իսրայելցիների, և՛ պաղեստինցիների համար ընդունելի խաղաղության համաձայնություն:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ողջունել է Թրամփի հայտարարությունը՝ այն որակելով որպես «պատմական» ու հորդորելով մյուս երկրներին հետևել ԱՄՆ-ի օրինակին ու տեղափոխել իրենց դեսպանատները Երուսաղեմ: Մինչդեռ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թրամփի քայլը «ցավալի» է որակել, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ այն անվանել է «անպատասխանատու»:

Պաղեստինը և արաբական աշխարհի առաջնորդները, ինչպես նաև ԱՄՆ-ի մի քանի առանցքային դաշնակիցները ավելի վաղ զգուշացրել էին, որ այս քայլը կարող է կարող է է՛լ ավելի բարդացնել Մերձավոր Արևելքում ստեղծված առանց այդ էլ բարդ կացությունը՝ հանգեցնելով բռնությունների և բարդացնելով խաղաղության գործընթացը:

Պետությունների գերակշիռ մասը չի ճանաչում Իսրայելի վերահսկողությունը ողջ քաղաքի նկատմամբ: Երուսաղեմում են գտնվում և մահմեդականների, և հրեաների, և քրիստոնյաների սրբավայրերը: Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ Թրամփի այս որոշումը, որով իրականություն կդառնա նրա նախընտրական խոստումը, նպատակ չունի ազդելու Երուսաղեմի վերջնական կարգավիճակի շուրջ բանակցությունների վերջնարդյունքի վրա:

Բրյուսելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Թրամփը շարունակում է «շատ հավատարիմ մնալ» մերձավորարևելյան խաղաղության գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG