Այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ընդդիմադիր «Ելք»-ի պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո Արթուր Բաղդասարյանի գլխավորած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը դադարեցրել է բոյկոտը, իշխանությունը կիսելու հուշագիր է ստորագրել Հանրապետականի հետ, ուստի ավագանիում արդեն մեծամասնություն է ձևավորվել:
«Ուղիղ մեկ տարի առաջ Վանաձորում ավագանու ընտրությունների ժամանակ հատուկ ահաբեկչական գործողությունների արդյունքում մանդատագողություն տեղի ունեցավ, և ընդդիմադիր ձայները, որոնք կոնսոլիդացվել էին մեկ հուշագրի շրջանակներում, հօդս ցնդեցին: Մեկ տարի շարունակ ՀՅԴ և Հանրապետական խմբակցությունները ապօրինի և հակասահմանադրական ավագանու նիստեր էին հրավիրում և կայացնում որոշումներ, որոնք ըստ էության, Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական: Մենք դիմել ենք Ձեզ առաջարկով և պահանջով, որպեսզի դադարեցվի Վանաձորի ավագանու գործունեությունը և նշանակվեն նոր ընտրություններ: Ուզում եմ իմանալ դեռ որքան պետք է սպասենք, որպեսզի կառավարությունը կայացնի այդ որոշումը», - հարցրեց Թանդիլյանը:
«Մենք ունենք Վանաձորում նոր իրողություն, և նոր իրողությունը եթե հնարավորություն ընձեռի, որ ավագանին պատշաճ գործի, որևէ հիմք՝ վերանայելու ավագանու լիազորությունները մենք չենք տեսնում: Ավելին՝ կհամարեինք այն հակասահմանադրական, ինչի մասին, ի դեպ, Սահմանադրական դատարանը խոսել է հենց նույն որոշման մեջ», - հակադարձեց Արդարադատության նախարարը:
«Ելք» դաշինքը, մինչդեռ, պնդում է, որ արդեն անցկացված նիստերն են հակասահմանադրական, ուստի գործադիրը պարտավոր է ցրել ավագանին:
«Ելք»-ից մեկ այլ պատգամավոր՝ Սասուն Միքայելյանը հարց ուներ Էդվարդ Նալբանդյանին, բայց արտգործնախարարը չէր եկել խորհրդարան: Միքայելյանը պատմեց, որ Տաջիկստանից վերադառնալիս Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, Մոսկվայի օդանավակայանում սահմանապահների կողմից զննության է ենթարկվել: Միքայելյանին հետաքրքրում էր, թե արդյոք Երևանի օդանավակայանում նույն կերպ կվարվեին Ռուսաստանի Պետդումայի խոսնակի հետ․ - «Անցումային կետում խուզարկում են իմ երկրորդ դեմքին, գոտին են հանել տալիս․․․ մի քիչ տհաճ ա: Չկա՞ միջպետական պայմանագիր, որ նման բան չլինի, վերջիվերջո Վոլոդինը եթե գա Հայաստան, ձեռների վրա չճանապարհեն, ոչ թե ռեմենը կհանեն»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կառավարությանը հիշեցրեց դեռևս 2013-ին Սերժ Սարգսյանի հնչեցրած խոսքերը, թե «այն կառավարությունը, որը տարվա արդյունքներով չապահովի տնտեսական 7 տոկոս աճ, պետք է հրաժարական տա»․ - «Ու շեշտել է՝ 2013, 14, 15 և 16 թվականներին: Ինձ հետաքրքիր է, քանի որ այլևս ակնհայտ է, որ այս տարին մենք չենք եզրափակում համենայն դեպս 7 տոկոս տնտեսական աճով, կառավարությունը կատարելո՞ւ պետության գլխի հորդորը, թե՞ ոչ»:
Պատասխանեց փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը․ - «Այս կառավարության ծրագրով հաստատված թիրախներում դրված են այլ տնտեսական աճի ցուցանիշներ»:
Պատասխանը պատգամավորին չբավարարեց․ - «Շնորհակալություն հարցիս չպատասխանելու համար»:
Ամբիոնին մոտեցավ նաև վարչապետը, երբ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց տվեց մենաշնորհների մասին:
«Մոնոպոլիա որպես այդպիսին, կլասիկ մենք չունենք», - ասաց Կարեն Կարապետյանը: - «Ունենք շուկաներ, որտեղ գերիշխող խաղացողներ կան: Բոլոր շուկաներում, որտեղ գերիշխող խաղացող կա, եթե Դուք դիմեք հարկային, ձեզ կներկայացնեն բոլոր ոլորտները, որը որ Ձեզ հետաքրքրում ա, թե ինչպես ա այս մեկ տարվա մեջ խաղացողները քանակը և ծավալները փոխվել: Այդ ուղղությամբ աշխատանքները հստակ գնում են։ Բայց գերիշխող գերիշխող խաղացողը, որը շուկայում կա և խաղում ա, ինքը ստարտային ավելի լավ պայմաններ ունի, և մի տարվա մեջ իրա պայմանական 70 տոկոս մասնակցությունը շուկայում չի դառնալու 20: Բայց Դուք դինամիկան դրա կտեսնեք»:
Բագրատյանի արձագանքը․ - «Եթե Դուք էն կարծիքին եք, որ այդ գերիշխող դիրքը հեշտ չի զիջելը, ես Ձեզ հավատացնում եմ՝ եթե ազատ մրցակցային հնարավորություն լինի, մենք այնպիսի երիտասարդներ ունենք, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում էդ գերիշխող դիրքից մենակ «գ» տառը կթողեն: Միայն թողեք ազատ աշխատեն: Այսինքն, այն կառույցները, որոնք հովանավորում են գերիշխող դիրք ունեցողներին․․․ Դուք կարողացեք էդ խնդիրը լուծել»:
Վարչապետն ասաց․ - «Դուք դեպք գիտեք, որ մեկը շուկայում ուզում ա մտնի, իրան արգելում ենք: Եթե գիտեք, դիմեք մեզ: Սահմանի վրա որևիցե մեկին չեն կանգնացնում՝ դու սա կարաս բերես, սա չես կարա բերես»:
Պաշտոնը ստանձնելիս տնտեսության վիճակը ծանր գնահատած Կարեն Կարապետյանը հիմա ասում է՝ վիճակը կառավարելի է: