Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 14 տարի առաջ իշխանության եկավ որպես բարեպաշտ մահմեդական՝ հայտարարելով, որ մտադիր է կոռուպցիան արմատախիլ անել թուրքական քաղաքականությունից:
Իր իշխանությունն ամրապնդելուց և վարչապետից բռնակալ նախագահ դառնալուց հետո, նա մոռացավ իր խոստումների մասին և վարեց խիստ կոռումպացված քաղաքականություն, որը դատապարտել էր: Ինչպես ասել է բրիտանացի պատմաբան լորդ Աքթոնը՝ «Իշխանությունը փչացնում է. բացարձակ իշխանությունը փչացնում է բացարձակապես...»:
Այս շաբաթ ցանկանում եմ լուսաբանել Էրդողանի չորրորդ կոռուպցիոն սկանդալը՝ սկսելով իր և իր ընտանիքի ներգրավմամբ նախորդ երեքի ամփոփմամբ:
Առաջին դեպքը տեղի է ունեցել 2008 թվականին և վերաբերում է Էրդողանի՝ 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավ նվեր ստանալուն ադրբեջանցի միլիարդատեր Մուբարիզ Մանսիմովի կողմից: Էրդողանի խնդրանքով Մանսիմովը հետագայում դարձավ Թուրքիայի քաղաքացի և փոխեց իր ազգանունը Գուրբանօղլու:
Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի դեկտեմբերին, երբ Էրդողանը և նրա նախարարներից չորսը ներգրավված էին բազմամիլիոնանոց կոռուպցիոն հետաքննության մեջ: Դատավարությունից առաջ բոլոր չորս նախարարները հրաժարական տվեցին: Սակայն, Էրդողանը միջամտեց դատավարությանը, մերժեց դատական հայցը և հեռացրեց այն դատախազներին ու ոստիկաններին, որոնք բացահայտել էին իր նախարարների կոռումպացված գործունեությունը... Գաղտնալսվել էին Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի միջև մասնավոր հեռախոսազրույցները՝ բացահայտելով նրանց քննարկումները հարյուր միլիոնավոր դոլարների կանխիկ գումար թաքցնելու մասին, որ նրանք ստացել էին խորհրդավոր կերպով...
Կոռուպցիայի երրորդ դեպքը Նյու Յորքում շարունակվող դատավարությունն է՝ Թուրքիայից Իրան նավթի համար մաքսանենգ ճանապարհով ոսկի արտահանելու միլիարդավոր դոլարների ծրագրի վերաբերյալ՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խախտմամբ: Անցյալ շաբաթ թուրք-իրանցի ոսկու առևտրական Ռեզա Զարաբը մեղավոր ճանաչվեց բոլոր յոթ մեղադրանքներով՝ բացահայտելով թուրք բանկիր Մեհմեդ Հաքան Աթիլայի և յոթ այլ մեղադրյալների, այդ թվում՝ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի մասնակցությունը, որը մեղադրվում է միլիոնավոր դոլարներ կաշառք ստանալու մեջ՝ ապօրինի ծրագիրը կազմակերպելու դիմաց: Զարաբը նաև ներքաշել է Էրդողանին՝ նավթի առևտրի համար ապօրինի ոսկին արտահանելու թույլտվության համար:
Չորրորդ և վերջին կոռուպցիոն ծրագիրը ներառում է Էրդողանի ընտանիքի անդամներին, որոնք 2011 թվականի դեկտեմբերից մինչև 2012-ի հունվար ժամանակահատվածում 15 միլիոն դոլար են փոխանցել Bellway Limited օֆշորային ընկերությանը Անգլիայի Մեն կղզու հարկային ապաստարանում: Այս մեղադրանքը ներկայացրել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Մեն կղզին Բրիտանական թագի ինքնավար թագավորական տարածք է, որը գտնվում է Իռլանդական ծովում, Անգլիայի և Իռլանդիայի միջև:
Վերջերս ՀԺԿ նախագահ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի օգոստոսի 1-ին Մեն կղզում՝ 1 ֆունտ ստեռլինգ հիմնադիր կապիտալով: Նա բացահայտել է Bellway Limited ընկերությանը 15 միլիոն դոլարի բանկային փոխանցումների քաղվածքներն ու պատճենները.
- 2011թ. դեկտեմբերի 15-ին Էրդողանի փեսան՝ Զիյա Իլգենը, փոխանցել է 2.5 միլիոն դոլար, իսկ 2011թ. դեկտեմբերի 26-ին՝ 1.25 միլիոն դոլար:
- 2011թ. դեկտեմբերի 15-ին Էրդողանի եղբայր Մուսթաֆան փոխանցել է 2.5 միլիոն դոլար, իսկ 2011թ. դեկտեմբերի 26-ին՝ 1.25 միլիոն դոլար:
- 2011թ. դեկտեմբերի 27-ին Էրդողանի աները՝ Օսման Քեթենչին, փոխանցել է 1.25 միլիոն դոլար, իսկ 2011թ. դեկտեմբերի 28-ին՝ 1 միլիոն դոլար:
- 2011թ. դեկտեմբերի 27-ին Էրդողանի նախկին գործադիր օգնական Մուսթաֆա Գյունդոգանը փոխանցել է 1.25 միլիոն դոլար, իսկ 2011թ. դեկտեմբերի 28-ին` 250 հազար դոլար:
- 2011թ. դեկտեմբերի 29-ին Էրդողանի որդին՝ Ահմեդ Բուրաք Էրդողանը, փոխանցել է 1.45 միլիոն դոլար, իսկ 2012թ. հունվարի 4-ին՝ 2.3 միլիոն դոլար:
Քըլըչդարօղլուն խորհրդարանական միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով փոխանցումների վերաբերյալ հետաքննություն անցկացնել: Սակայն, մեծամասնություն կազմող Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դեմ է քվեարկել այդ առաջարկությանը: Երբ Քըլըչդարօղլուն դիմել էր խորհրդարանին Էրդողանի դեմ մեղադրանքների առնչությամբ, պետական հեռուստաընկերությունը անջատել էր ուղիղ հեռարձակումը...
Անցյալ շաբաթ թուրք դատախազները հայտարարեցին, որ իրենք հետաքննում են Էրդողանի դեմ մեղադրանքները: Այնուամենայնիվ, ինչպես հայտնի է, ոչ մի դատավոր չի համարձակվի հաստատել, որ Էրդողանը մեղավոր է որևէ հանցագործության համար, հաշվի առնելով, որ շատ դատավորներ պաշտոնազրկված են կամ կալանավորված Թուրքիայի նախագահի ցանկությունները չկատարելու համար:
Էրդողանը, ինչպես և սպասվում էր, զայրացած էր իր ընտանիքի հասցեին հնչած մեղադրանքների համար: Նա հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե ապացուցվի, որ բանկային հաշիվ ունի արտասահմանում: Էրդողանի իրավաբան Ահմեդ Օզելը հայտարարել է, որ Քըլըչդարօղլու կողմից հրապարակված բանկային փաստաթղթերը «կեղծ» էին, իսկ մեղադրանքները որակել է որպես «սուտ»: Էրդողանը սպառնացել է, որ Քըլըչդարօղլուն «թանկ կվճարի» դրա համար և դատական հայց է ներկայացրել նրա դեմ՝ պահանջելով 500 հազար դոլար զրպարտության համար...
Այդ սկանդալները կարող են բացասաբար ազդել Էրդողանի վերընտրության վրա 2019 թվականին, եթե իհարկե նա թույլ տա արդար ընտրություններ անցկացնել: Հուսով ենք, որ Էրդողանը կմնա իր պաշտոնում, քանի որ նա համառորեն շարունակում է վարկաբեկել Թուրքիան ամբողջ աշխարհում...
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Facebook Forum