Կիևում բախումներ են տեղի ունեցել կոռուպցիայի դեմ պայքարող ակտիվիստների ու ոստիկանության միջև: Ցուցարարները պահանջում էին նախագահ Պետրո Պորոշենկոյի հրաժարականը:
Իսկ Ուկրաինայի դատախազությունը երեկ ուշ երեկոյան հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Սաակաշվիլին, իր հերթին, գերմանական Bild պարբերականին ասել է, թե հատուկ ծառայություններին չի հաջողվի ձերբակալել իրեն:
Երեկ Ուկրաինայի իշխանությունները ձերբակալել էին Սաակաշվիլիին, սակայն նրան հազարավոր աջակիցների օգնությամբ հաջողվեց դուրս գալ ոստիկանական մեքենայից ու ազատվել ձեռնաշղթաներից:
Ուկրաինայի դատախազությունը երեկ մի ձայնագրություն հրապարակեց, որում, ըստ գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի, լսվում են Վրաստանի նախկին նախագահի և նրա ամենամերձավոր օլիգարխներից մեկի` 2014 թվականին Ուկրաինան լքած և այժմ Ռուսաստանում բնակվող նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի զինակից Սերգեյ Կուրչենկոյի ձայները: Ուկրաինայի գլխավոր դատախազի պնդմամբ՝ իրավապահներին հաջողվել է ձեռք բերել ապացույցներ, որ հենց Յանուկովիչի այս զինակիցն է ֆինանսավորել Սաակաշվիլիի և նրա կողմնակիցների կազմակերպած բողոքի գործողությունները: