Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մատնանշում է Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պակասը


Ընտրակաշառքն ու ընտրողների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկությունները ստվերել են այս տարվա խորհրդարանական ընտրությունների ընթացքը, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը։

Ամփոփելով ապրիլի 2-ին կայացած ընտրությունները` դիտորդական առաքելություն իրականացրած կառույցը այսօր հրապարակված իր հաղորդագրությունում, մասնավորապես, ընդգծում է. - «Չնայած դրական գնահատականի արժանացած օրենսդրական բարեփոխումներին և ընտրախախտումները նվազեցնելու նպատակով նոր տեխնոլոգիաների կիրառմանը՝ ընտրակաշառքի, քաղծառայողների և մասնավոր ընկերությունների աշխատակիցների նկատմամբ ճնշումների մասին վստահելի տեղեկատվությունը ստվերել է ընտրությունների ընթացքը»։

Դիտորդական առաքելության վերջնական զեկույցը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նախօրեին ներկայացրել է նաև քաղաքական ուժերին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով ԺՀՄԻԳ-ը արձանագրել է իրականությունը․ - «Հիմնական պրոբլեմները, որոնք եղել են և կան՝ ընտրակաշառքների մասսայական բաժանումից մինչև ընտրողներին վախեցնելու դեպքերը և հսկողին հսկելու դեպքերը, դրանք բոլորը, ըստ էության, արտացոլված են զեկույցում»։

Արձանագրելով Հայաստանում ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահության պակասը՝ ԺՀՄԻԳ-ը իշխանություններին և քաղաքական կուսակցություններին կոչ է անում քայլեր ձեռնարկել օրենսդրական դաշտը բարեփոխելու, ընտրությունների արդարության նկատմամբ հասարակական վստահությունն ամրապնդելու, ինչպես նաև հրապարակավ ձայների առքուվաճառքը դատապարտելու համար։

Էդմոն Մարուքյանի խոսքով, հանրային վստահության համար իշխանությունները նախևառաջ պետք է քաղաքական կամք դրսևորեն․ - «Քաղաքական կամք ունենան և հանդուրժեն փոքր և մեծ տարածքներում իշխանափոխությունը․ գոնե փոքր և մեծ տարածքներում։ Այսինքն՝ եթե իշխանությունները մի գյուղում գյուղապետի ընտրությամբ փոփոխությունը չեն հանդուրժում, եթե իշխանությունները Վանաձորի նման նախադեպ են ստեղծում, քաղաքացիների վստահությունը ինչպե՞ս պետք է բարձրանա ընտրական գործընթացների նկատմամբ»։

Խորհրդարանական ընտրություններին դիտորդություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության մեդիափորձագետ Սոնա Ղազայանը նախօրեին նույնպես հանդիպել է ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ, պնդում է՝ զեկույցը բավականին խիստ է և իշխանությունները պետք է հետևություն անեն․ - «Այն, որ սովորաբար լուսաբանվում է զեկույցը, որպես՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ասում է, որ մենք կատարել ենք մեկ քայլ առաջ՝ դա այդպես չէ, այս զեկույցը դա չէ։ Բայց ես չեմ զարմանա, եթե կրկին տարբեր հեռուստատեսություններով դա լուսաբանվի որպես մեկ քայլ առաջ»։

Ընդդիմադիր գործիչ Էդմոն Մարուքյանը, սակայն, լավատես չէ․ նրա կարծիքով՝ հետևություններ հանրապետականները չեն անի․ - «Կասեն՝ այո՛, թերություններ կան, օրենքները փոխենք, վերանայենք, փոփոխություններ անենք, «Ընտրական օրենսգիրքը» նորից վերանայենք և այլն։ Բայց դա աբսուրդ է, որովհետև թղթային մակարդակում բան փոխել, իսկ իրական կյանքում հարյուր հազարավոր մարդկանց 10,000 դրամներ բաժանել և վերարտադրվել՝ ես այդտեղ հետևություններ անելու տեղ չեմ տեսնում իշխանությունների համար»։

Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական Արփինե Հովհաննիսյանը չի ընդունում ընդդիմադիր գործընկերոջ կանխակալ մոտեցումը։ Արդարադատության նախկին նախարարը մատնացույց է անում նոր «Ընտրական օրենսգիրքը», որտեղ ըստ նրա, չնայած ընդդիմության վատատեսությանը, իշխանությունները ամրագրեցին մի շարք սկզբունքային փոփոխություններ․ - «Նախորդ ընտրություններին ևս ասում էին, որ ոչ մի բան, միևնույնն է, չի փոխվելու, ոչինչ չեք անելու, որ ստորագրված ցուցակները հրապարակվեն, ոչինչ չեք անելու, որ կասկածներ մարդկանց մոտ չմնան, բայց կարծում եմ՝ միայն այս ընտրություններից հետո հետևած իրադարձությունները ակնառու դարձրեցին, որ իշխանությունները այնքան քաղաքական կամք ունեն, որ ընտրությունների արդյունքների հետ կապված որևէ մեկի մոտ կասկած չառաջացավ և այլևս մենք շեշտադրումը անում ենք բոլորովին այլ գործոնների վրա։ Բայց որևէ մեկը չասաց, որ ստորագրված ցուցակները չէիք ուզում հրապարակեիք, որովհետև այնտեղ խնդիրներ կային»։

Արփինե Հովհաննիսյանը նկատում է՝ ԺՀՄԻԳ-ն իր վերջնական զեկույցում արձանագրել է, որ ընտրությունները «լավ էին կազմակերպված և ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար ազատությունները»: ԱԺ փոխնախագահը միևնույն ժամանակ ընդգծում է՝ դիտորդական առաքելության կոչը, ինչպես նշված է զեկույցում, ուղղված չէ միայն իշխանությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG