Մատչելիության հղումներ

Վաղը Բրյուսելում ՀՀ-ն ու ԵՄ-ն պատրաստվում են ստորագրել Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրը


Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդները վաղը՝ նոյեմբերի 24-ին կհանդիպեն Բրյուսելում՝ նպատակ ունենալով առավել խորացնել կապերը Միության և նախկին խորհրդային հանրապետությունների միջև:

Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրը մեկնարկել է 2009-ին՝ խթանելու տնտեսական ինտեգրացիան և եվրոպական արժեքների տարածումը նախկին վեց խորհրդային հանրապետություններում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում և Բելառուսում:

Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վաղվա գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հետ կնքվող Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրն է: Համաձայնագիրը, սակայն, իր մեջ ազատ առևտրի մասին ոչինչ չի ներառում և ավելի քիչ հավակնոտ է, քան Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ կնքված Ասոցացման համաձայնագրերը:

Նոր համաձայնագրի տեքստում կան բազմաթիվ կետեր, որոնք կարող են շատ նպաստավոր լինել Հայաստանի համար։ Հայաստանը պարտավորվում է բարեփոխել իր ինստիտուտները, քաղաքական համակարգը, էլ ավելի ամրապնդել մարդու պաշտպանվածությունը, մարդու իրավունքը։ Եվ եթե Հայաստանը կատարի բոլոր պարտավորությունները, ապա կարող է ստանալ տնտեսական լուրջ աջակցություն Եվրամիությունց, այսպես կոչված՝ «ավելին ավելիի» դիմաց։ Այսինքն, եթե Հայաստանը կատարի համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, ապա Եվրամիությունը պարտավորվում է աջակցություն ցույց տալ և նպաստել, որպեսզի ներդրումներ կատարվեն Հայաստանում։

Համաձայնագրում հետաքրքիր նորություն կա փոքր և միջին բիզնեսի համար՝ այսպես կոչված, վարկավորում տեղական տարադրամով, այսինքն՝ ոչ թե դոլարով, այլ դրամով։ Սա կարող է խթան հանդիսանալ Հայաստանի տնտեսության զարգացմա համար։

Վաղվա գագաթնաժողովի հռչակագրում կային որոշ չլուծված խնդիրներ, մասնավորապես՝ հակամարտությունների լուծման վերաբերյալ կետը, որը մինչև հիմա հստակեցված չի, այնտեղ չի նշվում Լեռնային Ղարաբաղ եզրույթը։

Տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ համաձայնագրում տեղ է գտել հետևյալ ձևակերպումը. - «Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են անում ակտիվացնել հակամարտությունները կարգավորելու ջանքերը՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա»:

«Հակամարտությունների կարգավորումը, վստահության կառուցումն ու լավ հարևանային հարաբերությունները առանցքային են տնտեսական և սոցիալական զարգացման և համագործակցության համար», - նաև նշված է Արևելյան գործընկերության հռչակագրի տեքստում:

Եթե ամեն ինչ լավ ընթանա, Եվրամիությունը սկսելու է Հայաստանի հետ երկխոսություն՝ վիզայի ազատականացման հարցի շուրջ։

Համաձայնագրով նախատեսվում է համագործակցություն ոչ միայն տնտեսական, քաղաքական հարցերում, այլև համագործակցություն անվտանգության հարցերում։ Ըստ էության, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անվտանգության հարցում ամրագրված պարտավորություններ չկան, այդ իմաստով Հայաստանը կարող է Եվրամիության հետ նման համաձայնությունների մեջ մտնել։ Եվրամիության պարտավորությունները՝ օգնել Հայաստանին նաև անվտանգության հարցում, բավական շահեկան կլինեն Հայաստանի համար։

Հիշեցնենք՝ ավելի քան երեք տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո, 2013 թվականի սեպտեմբերին, Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը։ Տարիներ անց Հայաստանը և Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրեցին մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր: Սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն վաղը՝ նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG