Մատչելիության հղումներ

ՀՎԿ-ից Արկադի Փելեշյանն ընտրվեց Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ


Վանաձորի ավագանու նորընտիր փոխքաղաքապետ Արկադի Փելեշյան, 21-ը նոյեմբերի, 2017 թ․
Վանաձորի ավագանու նորընտիր փոխքաղաքապետ Արկադի Փելեշյան, 21-ը նոյեմբերի, 2017 թ․

Արկադի Փելեշյանը, ով ՀՎԿ-ի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, մինչ ընդդիմադիր խմբակցությունների միջև համաձայնության կայացումը, առաջադրվել էր քաղաքապետի թեկնածու, ընտրություններից հետո մեղադրվում էր Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելու մեջ:

Վանաձորի ավագանու այսօր կայացած արտահերթ նիստում «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը 20 ձայնով ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ: Նիստի օրակարգում միայն փոխքաղաքապետի ընտրության հարցն էր:

Մեկ տարի շարունակ ավագանու մյուս երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստանի» և «Բարգավաճ Հայաստանի» հետ նիստերին չմասնակցող «Հայկական վերածնունդ» խմբակցության 5 անդամներն օրերես որոշեցին դադարեցնել բոյկոտը՝ արձագանքելով հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի առաջարկին՝ մասնակցել նիստերին և մաս կազմել քաղաքի կառավարմանը:

Շաբաթ օրը Հանրապետական և «Հայկական Վերածնունդ» կուսակցությունների տարածքային կառույցների միջև կնքված հուշագրի համաձայն՝ Արկադի Փելեշյանի թեկնածությունն առաջադրվելու էր փոխքաղաքապետի պաշտոնում:

Վերջին ամիսներին Վանաձորի հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, հղում անելով ՏԻՄ մասին օրենքի դրույթներից մեկին՝ նիստեր էր գումարում և որոշումներ կայացնում՝ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 15 անդամների մասնակցությամբ, մինչդեռ Վանաձորի ավագանին 33 անդամ ունի: Այդ ընթացքում Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորներ դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 15 ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, նիստեր են գումարում ու որոշումներ կայացնում:

Նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորների հայցը՝ վճռելով, որ հիշյալ դրույթը հակասահմանադրական է, սակայն որոշեց, որ այն ուժի մեջ կմնա մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը՝ ԱԺ-ին հնարավորություն տալով մինչ այդ այն համապատասխանեցնել Սահմանադրությանը: ՍԴ որոշումից հետո «Ելք»-ը երեկ դիմեց կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել Վանաձորի ավագանու լիազորություններն ու նշանակել արտահերթ ընտրություններ։

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մինչդեռ, շարունակում է պնդել՝ ինքը որևէ օրենք չի խախտել: «Եթե մարդիկ մեկ տարի հոգատար, համբերատար սպասել են բողոքի ակցիան նախաձեռնած քաղաքական ուժերից մեկին ու որևէ արդյունքի չեն հասել, դուք ի՞նչ եք առաջարկում, ինչ-որ մեկի ձեռքին մարդիկ հինգ տարի պատանդ դառնա՞ն»,- այսօր ասաց Ասլանյանը:

Նորանշանակ քաղաքապետի տեղակալ Արկադի Փելեշյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե մեկ տարի առաջ ինքն անձամբ քվեարկել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանի օգտին, բայց հետո փոշմանել է: «Ես անձամբ ընտրել էի Քրիստ Մարուքյանին, ուզում էի, որ ինքը քաղաքապետ լիներ, տեսա՝ բոյկոտի արդյունքով ոչ մի բան չի լինում: Ես եկել եմ էսօր աշխատեմ ի օգուտ մեր ժողովրդի, փորձենք մի լավ բան անենք: Ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել եմ»,- ասաց Փելեշյանը:

Հիշեցնենք՝ Արկադի Փելեշյանը, ով ՀՎԿ-ի կողմից 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, մինչ ընդդիմադիր խմբակցությունների միջև համաձայնության կայացումը, առաջադրվել էր քաղաքապետի թեկնածու, ընտրություններից հետո մեղադրվում էր Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին ծեծի ենթարկելու մեջ: Գրիգորյանի խոսքով, պատճառն այն էր, որ ինքը չէր ընտրել Փելեշյանին, բացի այդ, թույլ չէր տվել, որ թեկնածուի օրացույցը բաժանվի եկեղեցում: Այդ դեպքից կարճ ժամանակ անց, սակայն, գործը կարճվեց, իսկ Փելեշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG