Մատչելիության հղումներ

ՀՎԿ-ից Արկադի Փելեշյանն ընտրվեց Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ


Արկադի Փելեշյան
Արկադի Փելեշյան

Վանաձորի ավագանու այսօրվա արտահերթ նիստում «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանը 20 ձայնով ընտրվել է քաղաքապետի առաջին տեղակալ:

Մեկ տարի շարունակ մյուս երկու խմբակցությունների՝ «Լուսավոր Հայաստան»-ի և «Բարգավաճ Հայաստան»-ի հետ միասին նիստերը բոյկոտող «Հայկական վերածնունդ»-ի անդամները դադարեցրել են բոյկոտը՝ արձագանքելով հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի առաջարկին՝ ի շահ Վանաձորի, մասնակցել նիստերին և մաս կազմել քաղաքի կառավարմանը:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ի որոշմամբ մասամբ բավարարել էր «Ելք»-ի և «Ծառուկյան» դաշինքի 26 պատգամավորների հայցը, որով ընդդիմադիր ուժերը բարձր դատարանից պահանջում էին անվավեր ճանաչել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այն դրույթը, որով ավագանու ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 15 ներկայացուցիչները՝ լինելով փոքրամասնություն և չունենալով քվորում, նիստեր են գումարում ու որոշումներ կայացնում:

Վանաձորում ավագանու 2016 թվականի հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո ընդդիմադիր երեք խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստան»-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը և «Հայկական վերածնունդ»-ը ավագանու ընտրությունների արդյունքում միասնաբար մեծամասնություն էին ստացել՝ միմյանց հետ պայմանավորվելով քաղաքապետի պաշտոնում աջակցել ընդդիմության միասնական թեկնածուին: Սակայն մեկ շաբաթ անց կայացած ավագանու նիստում փակ գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ էր ընտրվել հանրապետական Մամիկոն Ասլանյանը:

Այդ օրվանից ընդդիմադիրները բոյկոտում էին ավագանու նիստերը: Վանաձորի 33 անդամ ունեցող ավագանին, սակայն, նիստեր է գումարել և որոշումներ կայացրել միայն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների 15 անդամների մասնակցությամբ:

Երկու օր առաջ ՀՀԿ-ն և «Հայկական վերածնունդ»-ը համագործակցության հուշագիր կնքեցին՝ քաղաքի կառավարումը համատեղ իրականացնելու մասին: «Լուսավոր Հայաստան»-ի անդամ Գևորգ Գորգիսյանը երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ՀՀԿ-ն ու ՀՎԿ-ն փորձում են այս հուշագրով ստեղծել տպավորություն՝ իմիտացիա, որ այնտեղ կա մեծամասնություն և կարող են շարունակել նիստեր գումարել։ «Ելք» դաշինքին մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երեկ նամակով դիմել է կառավարություն՝ Վանաձորի ավագանին լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու հարցով։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG