Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարան․ Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան կարող են դիմել՝ անդամակցելու ԵՄ-ին


Եվրախորհրդարանի նիստ, արխիվ
Եվրախորհրդարանի նիստ, արխիվ

Արևելյան գործընկերության գագաթնաժողովից շուրջ մեկ շաբաթ առաջ Եվրախորհրդարանը հատուկ բանաձև է ընդունել, որով գովաբանում է Վրաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում տեղի ունեցած բարեփոխումները և ընդգծում՝ նախկին խորհրդային երեք հանրապետությունները կարող են վերջնականապես դիմել Եվրամիությանը անդամակցելու համար:

Բանաձևը հավելյալ աջակցություն է նախատեսում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած այդ երեք երկրների համար:

Փաստաթղթում անդրադարձ կա, որ պետք է շարունակվի հավաքական ճնշումը Ռուսաստանի վրա՝ լուծելու Արևմտյան Ուկրաինայի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Մերձդնեստրի հակամարտությունները:

Բանաձևը ընդունվել է երեկ՝ քվեների 519 կողմ, 114 դեմ, 47 ձեռնպահ հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, 2009 թվականից գործող Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագիրն ընդգրկում է հետխորհրդային վեց երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա: Վերջին երեք երկրները՝ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի, արդեն ստորագրել են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում մեկնարկող գագաթնաժողովին կստորագրեն վերջին տարիներին բանակցվող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը, սակայն, էականորեն տարբերվում է նախնական տարբերակից, որից պաշտոնական Երևանը 2013 թվականին հրաժարվել էր:

Մինչ այդ, Եվրամիության օրենսդիր մարմինը որոշել է Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրներին ավելի մեծ աջակցություն հատկացնել: Պատգամավորներն առաջարկում են հատուկ ներդրումային հիմնադրամ ստեղծել, որը կօգնի այդ երկրների փոքր և միջին բիզնեսին: Բացի այդ, փաստաթուղթը հնարավորություն է տալիս հետագայում միանալ մաքսային միությանը, էներգետիկ միությանը, Շենգենյան գոտուն և թվային տեխնոլոգիաների միությանը, ինչպես նաև երեք երկրներին հասանելի դարձնել Եվրամիության ներքին շուկան, արդյունաբերական ոլորտում համագործակցության հնարավորություններ ստեղծել, մեծացնել մասնակցությունը Եվրամիության այլ ծրագրերին:

Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը արձանագրում է, որ Թբիլիսին, Կիևը և Քիշնևը արդեն զգալի բարեփոխումներ են իրականացրել և հետևողականորեն սերտացնում են կապերը Բրյուսելի հետ, ինչի դիմաց ստացել են Եվրամիության հետ վիզայի ազատականացման ռեժիմ և ավելի մեծ առևտրային հնարավորություններ:

Ընդունված բանաձևում, որն արդեն ուղարկվել է Եվրամիության գործադիր մարմնին՝ Եվրահանձնաժողովին, առաջարկվում է նաև հայտարարել տնտեսական բարեփոխումներին աջակցության մասին, որոնք ուղղված են մենաշնորհից հետզհետե հրաժարվելուն, օլիգարխների դերի սահմանափակմանը, բանկային և ֆինանսական ոլորտներում փողերի լվացման և հարկերից խուսափելու դեմ պայքարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG