Մատչելիության հղումներ

Հայաստանի 69 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են


25/57 ընտրատեղամասում քաղաքացուն օգնում են քվեարկել, 5-ը նոյեմբերի, 2017թ․
25/57 ընտրատեղամասում քաղաքացուն օգնում են քվեարկել, 5-ը նոյեմբերի, 2017թ․

Այսօր Հայաստանի 69 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ են, որոնցից 3-ում՝ Արտաշատում, Գորիսում ու Շիրակամուտում անց են կացվում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ, իսկ 34-ը խոշորացված համայնքներ են, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի ծառայությունը։

«Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 527 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին»,- ասված է ԿԸՀ-ի հաղորդագրությունում:

Ժամը 14.00-ի դրությամբ, քվեարկել էր 129 հազար 633 քաղաքացի կամ ընտրողների 26.67 տոկոսը:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 3 ընտրատեղամասերի առջև կուտակումներ են։

«Ազատության» թղթակցի հետ զրույցում տեղամասերից մեկի առջև հավաքված մարդիկ հայտնեցին, որ արդեն ընտրել են, սակայն հրաժարվեցին հեռանալ ընտրատեղամասի առջից։

Նրանք պահանջեցին, որպեսզի լրագրողները անջատեն տեսախցիկները։ Դիտարկմանը, որ ըստ օրենքի 50 մետր շառավղողվ չի կարելի է մոտենալ տեղամասին, նրանցից մեկն արձագանքեց․ - «Առեք կամերաներդ, մեր կողից էն յան գնացեք, մեր համար կանգնած ենք»։

Լրագրողների հետ կարճ վիճաբանությունից հետո միայն ոստիկանները հեռացրին այդ մարդկանց ընտրատեղամասի առջից։

Ախուրյանի ընտրատեղամասերից մեկը
Ախուրյանի ընտրատեղամասերից մեկը

Ախուրյանում ավագանի և համայնքապետ են ընտրում։ Համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել է վեց թեկնածու՝ երեքը անկուսակցական են, թեկնածուներից մեկը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից է, մեկը Հայաստանի հանրապետական կուսակցությունից, մեկը՝ գործող համայնքապետը «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունից։

Հանրապետական ու դաշնակցական թեկնածուներին կուսակցությունները չեն առաջադրել, հանրապետական թեկնածուն սատարում է գործող համայնքապետ, դաշնակցական Արծրուն Իգիթյանին։

Վաղ առավոտից կուտակումներ են Լոռու մարզի Օձուն համայնքի ընտրատեղամասերի առջև: 25/58, 25/57 տեղամասերում քաղաքացիներից շատերը օգնողների ուղեկցությամբ էին քվեարկում՝ պատճառաբանելով, թե լավ չեն տեսնում:

Օձունի 25/57 տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) նախագահ Արմեն Հովասափյանի խոսքով, օգնողների հետ ընտրում են տեսողության հետ կապված կամ մտավոր խնդիրներ ունեցողները։ «Ազատության» դիտարկմանը, թե այդպիսի ընտրողները բավականին շատ են, Հովասափյանը նկատեց․ - «Հայ ազգի մոտ ընդունված ա արդեն, վերջին շրջանում բավականին մոդայիկ է դառել էս ընտրական շրջանում վատ տեսողություն, մտավոր խնդիրներ, լսողության խնդիրներ և այլն»:

Օձունում ընտրում են համայնքի ղեկավար և ավագանի: Համայնքապետի պաշտոնի համար պայքարում է երեք թեկնածու, երկուսը անկուսակցական են, մեկը համայնքի գործող ղեկավարն է, Հայաստանի հանրապետական կուսակցության թեկնածուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG