Իսպանիայի դատարանը երեկ ծանուցագիր է ուղարկել Կատալոնիայի պաշտոնանկ արված ղեկավար Կարլես Պուջդեմոնին և նրա լուծարված կառավարության 13 անդամներին՝ հարցաքննության համար:
Դատարանը հայտարարել է, որ 14 գործիչները պետք է հարցաքննվեն նոյեմբերի 2-3-ը՝ հեղաշրջման, անկարգությունների և պետական միջոցների յուրացման գործով:
Հիշեցնենք, Կարլես Պուջդեմոնը գտնվում է Բելգիայում։ Նա հայտարարել է, որ կվերադառնա Իսպանիա, եթե կառավարությունն իրեն «երաշխիքներ» տրամադրի:
Երեկ Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Կատալոնիայի անկախության հռչակագիրը, որը շրջանի իշխանությունների հավանությանն էր արժանացել հոկտեմբերի 27-ին: Անցած ուրբաթ Կատալոնիայի խորհրդարանը կողմ էր քվեարկել Իսպանիայի կազմից դուրս գալուն: Քվեարկությունից անմիջապես հետո Մադրիդը, կիրառելով Սահմանադրության 155-րդ հոդվածը, ուղղակի կառավարում մտցրեց մարզում՝ հայտարարելով կատալոնական խորհրդարանը ցրելու մասին: