Մատչելիության հղումներ

Խոշորացվող Բերդ համայնքում անզիջում պայքար է սպասվում


Տավուշի մարզի գյուղի համայնապատկեր
Տավուշի մարզի գյուղի համայնապատկեր

Տավուշի մարզի Այգեձորի գյուղապետ, Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Սասուն Սաֆարյանը սահմանամերձ համայնքների միավորումը ռիսկային է համարում։

«Ազատության» հետ զրույցում Սաֆարյանն ասաց, որ ղեկավարությանը բազմիցս հորդորել է սահմաններում հետաձգել խոշորացման գործընթացը․ - «Շատ լավ կլիներ, որ մնացած տեղերում կայանար, տեսնեին, որ արդյունքը լավն է, նոր փորձեին սահմաններում դա տարածել։ Ինչևիցե, փորձել ենք, խնդրել ենք ղեկավարությանը, որ հետաձգվի, չստացվեց»։

Սասուն Սաֆարյանը սահմանամերձ համայնքների խոշորացմանը դեմ լինելով՝ համայնքի ղեկավարի թեկնածություն է առաջադրել 17՝ հիմնականում սահմանամերձ համայնքներից ձևավորվող Բերդում, անգամ դեմ գնալով մտերիմ ընկերոջը՝ Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն, հանրապետական Ավետիք Ադամյանին, ով ևս թեկնածություն է առաջադրել։ Սաֆարյանն ասաց, թե Ադամյանի համար սկզբում պատրաստ է եղել քարոզչություն անել, բայց տարաձայնություններ են ունեցել, ընդհանուր եզրեր չեն գտել ու մրցակիցներ են դարձել։

«Ես փորձել եմ, որ օգնեմ, իրա հնարավորությունները հասցնենք մաքսիմումի, որ ինքը ընտրվի՝ պայմանով, որ եթե տեսնենք, որ չի լինում, նոր ես կառաջադրվեմ։ Բայց չկարողացանք իրար հասկանալ։ Ինքը ասում ա, որ ես հավանականություն ունեմ անցնելու, ես էլ չեմ կարում տեսնեմ դա, ստիպված ուզեցի, որ ես առաջադրվեմ», - ասաց Սաֆարյանը։

Չմանրամասնելով, թե նախկին ենթակայի ու ընկերոջ հետ հատկապես որ հարցերում միմյանց չեն հասկացել՝ Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանն ասաց․ - «Ես համագործակցության եզրեր չեմ տեսնում»։

Միավորվող բոլոր համայնքներն ընդգրկող անտառտնտեսության 17 տարվա տնօրենը համոզված է, թե ձայներ կունենա բոլոր վայրերում, անգամ մոտ 1000-ական ընտրող ունեցող Արծվաբերդում և Այգեձորում, ինչպես նաև մոտ 4000 ընտրող ունեցող Բերդ քաղաքում, որոնց համայնքապետերը ևս իրենց համայնքներում գրեթե բոլոր ձայներն ստանալու ակնկալիքով թեկնածություն են առաջադրել։

Ավետիք Ադամյանը երեք համայնքապետ մրցակիցներին մեղադրում է իր դեմ սև քարոզչության և շանտաժի մեջ․ - «Չեմ էլ փորձելու, ինչպես մյուսներն են անում, շանտաժների դիմեմ, մյուսների վրա ցեխ շպրտեմ։ Ընդամենը ես իմ ճիշտն եմ առաջ տանում, իմ խոսքն եմ առաջ տանում․․․ Էհ, դե սկսել են արդեն, գրում են: 18 տարի աշխատել եմ, մի բառ գրված չի եղել, հիմա սկսվել ա»:

Հանրապետական թեկնածուն ինքնաառաջադրվել է, բայց նշում է, թե կուսակցությունն անգամ մարզպետի մակարդակով իր օգտին քարոզչություն է անում, չնայած բազմիցս հորդորել է ընտրությունը թողնել ժողովրդին․ - «Անձամբ ես էլ եմ խնդրել, որ թողեք ժողովուրդը ընտրի, բայց ինձ չի վանում, սատարում է»:

Բերդի համայնքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Հարություն Մանուչարյանը Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի խնամին է։ Թեկնածուի նախընտրական շտաբն էլ տեղակայված է Հանրապետական կուսակցության մարզային կառույցի գրասենյակում։

«Ազատության» հարցին, թե արդյոք կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ն իրեն սատարում է, Մանուչարյանն արձագանքեց․ - «Էդ հարցը կարող եք տալ Հանրապետական կուսակցության ավելի բարձրագույն մարմիններին։ Ամեն դեպքում ես կասեի, որ ինձ դեմ ոչ մի բան չեմ նկատել։ Քանի որ երկու Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ են մասնակցում, տվել են ազատ դաշտ»։

Քաղաքապետն ասում է, թե ընտրվելու դեպքում Բերդին միավորվող 16 համայնքների ղեկավարներին անգործ չի թողնի՝ կվստահի բնակավայրերի լիազոր ներկայացուցիչների պաշտոնները» - «Ոչ մի մարդ առանձին ի վիճակի չէ էդ 17 համայնքի հոգսը վերցնել։ Մենք չենք գնում խոշորացման, մենք գնում ենք Շամշադիր երկրի վերակազմավորման և ղեկավարելու ենք իրար հետ»։

Նշենք, որ Բերդում առաջադրված բոլոր 4 թեկնածուներն էլ ասում են, թե ինքնաբացարկի չեն գնա և նոյեմբերի 5-ին պայքարելու են մոտ խոշորացվող համայնքում մոտ 15 հազար ընտրողների ձայների մեծամասնությունն ստանալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG