Երեկ Միացյալ Նահանգների դաշնային դատարանը արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկիր մուտքի սահմանափակումներ մտցնելու վերաբերյալ վերջին հրամանագիրը:
Անցյալ ամիս հայտարարված մուտքի սահմանափակումները պետք է ուժի մեջ մտնեին այս շաբաթ և վերաբերում էին Իրանի, Սիրիայի, Եմենի, Սոմալիի, Չադի, Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին, ինչպես նաև որոշ պաշտոնյաների Վենեսուելայից:
Հավայի նահանգը դիմել է Հոնոլուլուում գործող դաշնային դատարան հրամանագիրն արգելափակելու համար: Նահանգը, միևնույն ժամանակ, չի բողոքարկել Հյուսիսային Կորեայի և Վենեսուելայի համար նախատեսված սահմանափակումները:
Դատավոր Դերիք Ուոթսոնը հայտարարել է, որ Թրամփի հրամանագիրը «բացահայտ խտրականություն է սահմանում՝ ելնելով ազգային պատկանելիությունից» և չի ապացուցում, որ այդ երկրների քաղաքացիները «վնաս են հասցնելու» Միացյալ Նահանգների պետական շահին:
Թրամփի՝ հունվարին ու մարտին ստորագրած նման հրամանագրերը առնվազն մասամբ ևս արգելափակվել էին դատարանների կողմից: