Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանձնառությունը


ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունը հույս է հայտնում, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երեկվա պայմանավորվածությունը իր արտացոլումը կգտնի ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու ուղղությամբ ձեռնարկվելիք կոնկրետ քայլերում:

«Մենք գոհունակությամբ ենք արձանագրում նախագահների պատրաստակամությունը և հանձնառությունը բանակցային գործընթացը աշխուժացնելու և շփման գծում լարվածությունը թուլացնելու համար լրացուցիչ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ»,- այսօր հայտարարել է ԵԱՀԿ-ի նախագահության խոսնակը:

«Ընդգծելով, որ ԵԱՀԿ-ի նախագահությունը ուշադրությամբ հետևել է Մինսկի խմբի նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Ժնևում տեղի ունեցած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը՝ կառույցը հայտարարում է՝ կողմերի ջանքերի առանցքը պետք է խաղաղություն ծրագրելը լինի: ԵԱՀԿ գործող նախագահը, ով ներկայացված է իր անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի միջոցով, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունն ընդգծում են շարունակական պատրաստակամությունը՝ առաջ մղելու բոլոր կողմերի խաղաղության ջանքերը»,- ասված է ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության հաղորդագրության մեջ:

Երեկ Ժնևում կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Միջնորդները պնդում են՝ ավելի քան մեկուկես տարվա ընդմիջումից հետո նախագահների առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, կողմերը նաև պայմանավորվել են ակտիվացնել կարգավորման գործընթացը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG