Գործատուները դժվարությամբ են մասնագետ գտնում Վանաձորում, երբեմն թափուր աշխատատեղերը երկար ժամանակ չեն կարողանում լրացնել: Գործազուրկներն էլ իրենց հերթին են դժգոհում՝ տարիներ շարունակ աշխատանք են փնտրում, բայց այդպես էլ հաջողության չեն հասնում:
«Էսօր մենք ունենք բանվորական մասնագիտություններով բավականին մեծ թվով աշխատանք փնտրողներ, բայց այսօր մեր թափուր աշխատատեղերին որ նայում ենք, ավելի շատ բարձր մասնագիտական պահանջի աշխատատեղեր են», - ասում է Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը: - «Այստեղ, իհարկե, անհամապատասխանություն կա»:
Օրերս Վանաձորում կայացած աշխատանքի 12-րդ տոնավաճառին 35 գործատուներ ավելի քան 360 թափուր աշխատատեղ էին առաջարկում: Աշխատանք փնտրողներից ոմանք «Ազատության» հետ զրույցում անկեղծանում էին՝ պատրաստ են ցանկացած աշխատանք կատարել նվազագույն աշխատավարձով: Գործատուները, սակայն, հմուտ և փորձառու մասնագետներ են փնտրում:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնեսի զարգացման պատասխանատու Պատվական Հախինյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց հետ համագործակցող ընկերությունները շուրջ 10 աշխատատեղ են առաջարկում: Հախինյանի խոսքով՝ երբեմն աշխատանք փնտրող մասնագետները չեն համապատասխանում ընկերության պահանջներին, այդ պատճառով լրացուցիչ դասընթացներ են կազմակերպում:
«Ցավոք սրտի, շատերը չեն պատկերացնում, թե իրական աշխատաշուկան ինչ պահանջներ է ներկայացնում և իրենց համար էլ է տհաճ անակնկալ լինում, որ իրենց գիտելիքները չեն համապատասխանում գործատուների պահանջներին», - նշեց նա:
Վանաձորում այս պահին 4,568 գրանցված գործազուրկ կա, նախորդ տարվա համեմատ այս թիվը մոտ 900-ով նվազել է: Զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենի պնդմամբ՝ գործազուրկներից ոմանք կա՛մ աշխատանք են գտել, կա՛մ մեկնել են արտագնա աշխատանքի, կամ էլ պարզապես այլևս հետաքրքված չեն աշխատանքով:
Մինչ աշխատանք փնտրողները դժգոհում են, թե անգամ կազմակերպված տոնավաճառի ընթացքում մեծ դժվարությամբ են աշխատանք գտնում, զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը վստահեցնում է՝ թափուր տեղերը ավելի արագ կհամալրվեին, եթե վանաձորցիներին առաջարկվեր աշխատանք շինարարության ոլորտում։
«Եթե մենք այսօր ավելի շատ բանվորական աշխատատեղեր ունենայինք, ժողովուրդը ավելի շատ բավարարված կլիներ», - նշեց նա: