Եվրոպական դատարանն այսօր Հայաստանի դեմ որոշում է հրապարակել, որի համաձայն պետության բյուջեից պետք է տասներկու հազարական եվրո փոխանցվի Եհովայի վկաներ կազմակերպության չորս անդամների։ Արթուր Ադյանը, Գարեգին Ավետիսյանը, Հարություն Խաչատրյանն ու Վահագն Մարգարյանը երկու տարի բանտում են անցկացրել, քանի որ հրաժարվել են ծառայել բանակում։ Նրանք չեն ցանկացել նաև այլընտրանքային ծառայության անցնել՝ պատճառաբանելով, որ այն քաղաքացիական բնույթ չի կրում և վերահսկվում է զինվորականների կողմից։ Քաղաքացիներն ազատ են արձակվել 2013-ի համաներումից հետո։ Նույն թվականին փոփոխությունների է ենթարկվել «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը։
Եվրոպական դատարանն ընդգծում է՝ Հայաստանի դատական ատյանները խախտել են մտքի, խղճի և դավանանքի ազատությունը։ Ստրասբուրգյան դատարանը հայտնաբերել է, որ նշված ժամանակահատվածում այլընտրանքային ծառայությունն ամբողջությամբ առանձնացված չի եղել զինվորական ծառայությունից, օրինակ՝ այլընտրանքային ծառայության անցնողները ստիպված են եղել համազգեստ կրել, բացի այդ այն շատ ավելի երկար է, քան սովորական ծառայությունը և տևում է շուրջ 42 ամիս։ Ստրասբուրգյան դատարանն, այդուամենայնիվ, ընդգծում է՝ այլընտրանքային ծառայության զինվորական վերահսկողությունը վերացել է և օրենքում փոփոխություններ են տեղի ունեցել 2013-ին։
Եվրոպական դատարանում հաղթանակ տարած քաղաքացիները չցանկացան հարցերի պատասխանել։ Կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արթուր Իսպիրյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Եվրոպական դատարանի վճիռն իրենց բավարարում է։
«2013-ին, երբ իրենք արդեն երկու տարի է՝ կալանավորված էին, լուրջ փոփոխություններ տեղի ունեցան այլընտրանքային ծառայության մասին օրենքում, որի ժամանակ էլ զինվորական վերահսկողությունը հանվեց։ Բայց իրենք արդեն պատիժ էին կրել։ Տղաների գանգատն այն է, որ խախտվել էր Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը՝ այսինքն մտքի, խղճի և կրոնի ազատությունը։ Նրանք իրավունք ունեին խնդրել իսկական այլընտրանքային ծառայություն, որը չէր լինի զինվորական վերահսկողության տակ», - մեկնաբանեց նա:
«Ազատության» հարցին՝ արդյո՞ք կրոնական համոզմունքներից ելնելով ծառայությունից խուսափելը խնդիր չի հարուցում երկրի անվտանգության համար, Իսպիրյան պատասխանեց, թե Եհովայի վկաները պետությանը ծառայություն կարող են մատուցել այլ ոլորտներում։
«Շատերն են այսպիսի հարց բարձրացրել, բայց իրականում այդպիսի բան, որ բոլորը կգնան այլընտրանքային ծառայության, և չեն գնա բանակ, ես անձամբ դժվարանում եմ պատկերացնել», - նշեց նա: - «Այն որ պետությունում կարող են լինել մարդիկ, որ ունեն այսպիսի համոզմունք, դա ընդհանրապես չի խաթարում պետության անվտանգությունը։ Այս անձինք կարող են իրենց պետության ամրությունը պահել, կամ պետությանը ծառայել այլ կերպ։ Միևնույն ժամանակ՝ դժվարանում եմ պատկերացնել, որ որևէ հասարակության մեջ բոլորը կգան մի կարծիքի և այլևս բանակ չեն գնա», - հավելեց Իսպիրյանը: