Մատչելիության հղումներ

Քրիստ Մարուքյան․ «Վանաձորի ավագանու առաջին նիստը զարգացման գողացված հնարավորություն էր»


Վանաձորի ավագանու նիստում, 18-ը ապրիլի, 2017 թ․
Վանաձորի ավագանու նիստում, 18-ը ապրիլի, 2017 թ․

Ուղիղ մեկ տարի առաջ Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում տեղի ունեցածը, ըստ ավագանու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանի, «քաղաքի զարգացման գողացված հնարավորություն էր»:

«Այն, ինչ որ տեղի է ունեցել մանդատագողության արդյունքում, դա որևէ կերպ պատիվ չի բերել Վանաձորին, որևէ կերպ պատիվ չի բերել այն կուսակցությանը, որը դա իրականացրել է և թույլ է տալիս մինչև հիմա դրա շարունակությանը: Միևնույն ժամանակ մենք մի անգամ ևս մի տարի անց արձանագրում ենք, որ Վանաձորի գողացված հնարավորությունն էր դա, Վանաձորի զարգացման գողացված հնարավորությունը»,- այսօր լրագրողներին ասաց Քրիս Մարուքյանը:

Մեկ տարի առաջ Վանաձորի 33 հոգանոց ավագանու նիստի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ 19 ձայնով քաղաքապետ ընտրվեց իշխող ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը, թեև դրանից երկու օր առաջ ավագանու ընդդիմադիր երեք ուժերի՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների միջև ստորագրված հուշագրի համաձայն, ավագանու 18 անդամները պարտավորվել էին քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Մեկ տարի անց էլ դեռ հայտնի չէ, թե ովքե՞ր են ընդդիմադիր կուսակցությունների այն չորս անդամները, որոնք դեմ գնացին իրենց կուսակիցների ստորագրած հուշագրին և իրենց քվեն տվեցին հանրապետական թեկնածուին։

Անցած տարվա հոկտեմբերի 10-ին տեղի ունեցածը «մանդատագողություն» որակող Քրիստ Մարուքյանն իրավազոր չի համարում վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած ավագանու նիստերը, նշելով․ «Իրականում տեղի է ունեցել թաքուն, գողեգող ինչ-որ պայմանավորվածություն, ինչ-որ մանդատների՝ այլ ճանապարհներով ձեռքբերում, որը որ հետագայում չի նպաստել այդ իրավազորության ապահովմանը»:

Հանրապետական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հակադարձում է՝ իրենք ընդամենը «գողոնը ետ են վերադարձրել»: «Նախ իրենք էին գաղտագողի երևանյան ուժերի հետ որոշել ձայները գողանալ, բայց մենք գողոնը հետ վերադարձրեցինք, էնպես որ մենք մանդատագող չենք, մեր վանաձորցու ձայնը տվեցինք վանաձորցուն, մենք իրենցից առգրավել ենք գողոնը ընդհանրապես մաքուր ընտրությամբ»,- ասում է հանրապետական քաղաքապետը:

Սկսած մարտ ամսից, Վանաձորի ավագանու Հանրապետական և «Դաշնակցություն» խմբակցությունները 15 անդամներով նիստեր են գումարում և որոշումներ կայացնում: Մյուս երեք ընդդիմադիր խմբակցությունների 18 անդամները բոյկոտում են նիստերը՝ չներկայանալով դրանց: Ասլանյանի կարծիքով՝ ընդդիմադիրները հայտարարություն անելու փոխարեն հնարավորություն ունեն ավագանու նիստերին ցույց տալ, որ իրենք մեծամասնություն են: «Ես իրենց դեռ անցյալ տարեվերջին էլ առաջարկեցի, որ դուք պատերի տակ հայտարարություններ անելու փոխարեն, խնդրեմ, մեծ լուսավոր, ընդարձակ ավագանու նիստերի դահլիճ ունենք, եկեք այդտեղ քվեարկությունների միջոցով ստիպեք ինձ՝ շարժվեմ ձեր օրակարգով»,- ասում է Ասլանյանը:

Հիշեցնենք՝ խորհրդարանի «Ելք» և «Ծառուկյան» ընդդիմադիր խմբակցությունների 26 պատգամավորներ դիմել են Սահամանադրական դատարան՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով՝ Վանաձորի ավագանու Հանրապետական և Դաշնակցություն խմբակցությունները, չունենալով քվորում, նիստեր են գումարում և որոշումներ կայացնում:

Սահմանադրական դատարանը մի քանի շաբաթ անց որոշում կկայացնի: Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեն ՍԴ-ից, Մարուքյանը մեկ անգամ ևս շեշտեց իրենց պահանջը՝ անվավեր ճանաչել նախորդ ամիսների ընթացքում կայացած ավագանու նիստերը, չբացառելով նաև ավագանու նոր ընտրությունները․ «Անվավեր ճանաչելու պարագայում մենք ունենում ենք ընդհանրապես անվավերություն՝ բոլոր կայացված որոշումների իմաստով և բոլոր իրականացված նիստերի իմաստով»:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ պնդում է՝ ինքը օրենք չի խախտել և գործել է բացառապես օրենքի դրույթներին համապատասխան: «Ես օրենքը կիրառելիս առաջնորդվել եմ տվյալ պահին գործող օրենքի տառից ու տրամաբանությունից ելնելով»,- ասում է քաղաքապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG