Մատչելիության հղումներ

Երկու նախագահները պատրաստակամ են՝ վերսկսել բանակցությունները․ ՄԽ միջնորդների հայտարարությունը


Այսօր Բաքվում ավարտելով իրենց տարածաշրջանային այցը՝ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել են, թե երկու նախագահները պատրաստակամ են՝ վերսկսել խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունները:

Միջնորդները նշում են, որ հոկտեմբերի 6-ին հանդիպում ունանալով Հայաստանի, իսկ հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի նախագահի հետ` նպատակ են ունեցել ավարտին հասցնել երկու նախագահների հանդիպման նախապատրաստման աշխատանքներն ու հստակեցնել քննարկվելիք հարցերի շրջանակը:

«Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսել բանակցությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով»,- համատեղ հայտարարության մեջ արձանագրում են միջնորդները:

Երեկ Երևանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը միջազգային միջնորդները, ըստ պաշտոնական հաղորդագրության քննարկել էին «ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավորությունները»: Համանախագահները Երևանում հանդիպում էին ունեցել նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Վերջին անգամ Սարգսյան-Ալիև հանդիպում կայացել էր նախորդ տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG