Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը, ով այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն է, «Ազատության» հետ զրույցում նկատեց, որ 11 ամիսը բավական երկար ժամանակ է մեկ փորձաքննություն իրականացնելու համար․ - «Երկու-երեք ամիսը մեծ ծավալի փորձաքննության համար, կարծում եմ, բավական է: Նախկինում որևէ անգամ չի եղել, որ այսքան երկար տևի փորձաքննությունները: Ես իմ պրակտիկայի ընթացքում տասը ամիս ձգվող փորձաքննություն չեմ ունեցել»:
Հարազատները ծննդկանի մահվան մեջ մեղադրում են բժիշկներին. նրանք պնդում են, որ Հռիփսիմե Նազլուխանյանին անտարբերության են մատնել, ծննդաբերելուց հետո միայնակ են թողել: Հարազատներն ավելի վաղ հայտարարել էին, որ երիտասարդ կինը մահացել էր արյունահոսության հետևանքով: Նրանց հատկապես զայրացնում է այն հանգամանքը, որ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել:
Քնարիկ Մնացականյանը հարսի մահից հետո ամիսներ շարունակ նամակներ է ուղարկել իշխանության տարբեր ներկայացուցիչների՝ խնդրելով աջակցել իրեն և վերահսկել, որպեսզի մեղավորներն անպատիժ չմնան․ - «Պատասխանը գալիս ա՝ սպասեք»:
Պարբերաբար նամակներ է ուղարկել նաև Փորձաքննությունների ազգային բյուրո՝ տեղեկանալու, թե երբ է ավարտվելու փորձաքննությունը: Կնոջ խոսքով՝ եզրակացությունը ամեն կերպ ձգձգում են․ - «Փորձագիտական հանձնաժողովի նիստ ա եղել՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախատեսվում է ավարտել փորձաքննությունը: Եվ էդ հինգ աշխատանքային օրը չվերջացավ հուլիսի 14-ից մինչև հիմա»:
Փորձաքննությունների ազգային բյուրոյից «Ազատությանը» փոխանցեցին, որ քննությունը շարունակվում է, բայց չմանրամասնեցին, թե ինչու է գործընթացը գրեթե մեկ տարի ձգվում, փոխարենն ասացին, որ առաջիկա օրերին եզրակացությունը պատրաստ կլինի:
Հռիփսիմե Նազլուխանյանի ծնունդն ընդունած բժիշկ Դավիթ Շահվերդյանը հրաժարվեց խոսել թեմայի շուրջ: Նա շարունակում է աշխատել Վանաձորի բժշկական կենտրոնում: Անցած հոկտեմբերին Շահվերդյանը պնդել էր, որ կնոջ կյանքը փրկելու համար ձեռնարկել են բոլոր միջոցները:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեի Լոռու մարզի վարչությունում հարուցված է քրեական գործ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով. այն է՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
Տուժող իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանի փոխանցմամբ, գործով մեղադրյալ կամ կասկածյալ չի ներգրավվել: