Մատչելիության հղումներ

Թիլերսոն․ Իրանի հետ միջուկային համաձայնագրում փոփոխություններ են պետք


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Միացյալ Նահանգներին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը երեկ Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրում պետք է փոփոխություններ կատարվեն, նախքան Դոնալդ Թրամփի վարչակազմը կհամաձայնի աջակցել դրան:

Թիլերսոնի խոսքով, ամերիկյան կողմը մասնավորապես մտահոգված է համաձայնագրի այն հատվածով, որը տասը տարով՝ մինչև 2025 թվականը մեղմացնում է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, իսկ Թեհրանը պարտավորվում է սահմանափակել ուրանի հարստացումը:

«Սա բավականաչափ խիստ համաձայնագիր չէ, այն չի դանդաղեցնում նրանց միջուկային ծրագիրը», - ասել է Թիլերսոնը: - «Մենք կարող ենք հետհաշվարկ կատարել, թե երբ նրանք կվերականգնեն իրենց միջուկային զենքի հնարավորությունները»:

Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները եվրոպացի գործընկերների աջակցության կարիքն ունի՝ Իրանին համոզելու վերսկսել համաձայնագրի շուրջ բանակցությունները:

Երկու տարի առաջ հուլիսին Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված պայմանագրի համաձայն, ՄԱԿ-ի փորձագետները պետք է հնարավորություն ունենան մուտք գործել Իրանի բոլոր այն վայրերը, որտեղ հնարավոր է միջուկային զենք պահվի կամ մշակվի, Թեհրանն էլ պետք է սահմանափակի իր միջուկային ծրագիրը՝ դրա դիմաց ազատվելով արևմտյան պատժամիջոցներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG