Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական լվացքատան» սկանդալի «հերոսներից» մեկը հրաժարվել է ԵԽԽՎ մանդատից


ԵԽԽՎ նստաշրջան, արխիվ
ԵԽԽՎ նստաշրջան, արխիվ

Ադրբեջանական իշխանությունների շուրջ ծագած վերջին կոռուպցիոն սկանդալի «հերոսներից» մեկը՝ բելգիացի սենատոր Ալեն Դեստեքսը հրաժարվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) անդամակցությունից: Այս մասին հայտնում են բելգիական լրատվամիջոցները՝ վկայաբերելով պատգամավորի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունը:

Դեստեքսը Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով զեկուցողն էր: Նրա զեկույցը պետք է ներկայացվեր ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանում, սակայն անցած շաբաթ օրը նա վայր է դրել Վեհաժողովի պատգամավորական մանդատը:

Համաշխարհային մի շարք լրատվամիջոցների հետաքննող լրագրողներին միավորող նախագիծը վերջերս հրապարակած հոդվածում պնդում է, որ 2012-2014 թվականներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա մերձավոր շրջապատը շուրջ 3 միլիարդ դոլար են օրինականացրել, որն ուղղվել է եվրոպացի ազդեցիկ պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին կաշառելուն:

Վկայակոչելով այդ բացահայտումները՝ բելգիական լրատվամիջոցները գրում են, որ Դեստեքսը իր հերթին է հսկայական գումարներ ստացել Ադրբեջանի իշխանություններից՝ Բելգիայում գործող իր ոչ կոմերցիոն ասոցիացիայի ֆինանսավորման համար:

«Այս չափազանց քաղաքականացված Վեհաժողովում ներկայումս քննարկումները կենտրոնացած են իմ անձի, այլ ոչ թե իմ զեկույցի բովանդակության վրա», - պատգամավորի խոսքերն են մեջբերում տեղական լրատվամիջոցները:

Դեստեքսի գործունեությունը, ինչպես նշում է «Թուրան» լրատվական գործակալությունը, լուրջ դժգոհություններ էր հարուցել ինչպես ադրբեջանական, այնպես էլ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում, որոնք հետևում են Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին: Բելգիացի պատգամավորը, ըստ լրատվամիջոցի, իր զեկույցում բավական մեղմ է շարադրել Ադրբեջանում տիրող իրավիճակը:

Բելգիացի պատգամավորի և Ադրբեջանի իշխանությունների ջերմ հարաբերությունները տասնամյակների պատմություն ունեն: Դեստեքսը ժամանակին գլխավորում էր Բելգիա-Ադրբեջան միջխորհրդարանական աշխատանքային խումբը: Համագործակցությունն այնքան արդյունավետ էր, որ ադրբեջանական կողմը որոշել էր այդ մասին հատուկ գիրք հրատարակել․ «Ադրբեջանի Հանրապետություն-Բելգիայի Թագավորություն․ 1992-2012»՝ այսպես է կոչվում գիրքը, որի շնորհանդեսը կազմակերպվել էր Բաքվի «Հիլթոն» հյուրանոցի «Փիրուզա» դահլիճում, դրան ներկա էր նաև Դեստեքսը: Խոսելով ադրբեջանա-բելգիական հարաբերությունների պատմության մասին՝ բելգիացի պատգամավորը նշել էր, որ լավագույնը դեռ առջևում է: Այս մասին ասվում է Հեյդար Ալիևի հիմնադրամի կայքէջում պահպանված պաշտոնական հաղորդագրությունում:

Ադրբեջանի իշխանությունների հետ կասկածելի կապեր ունեցող Դեստեքսը, հիշեցնենք, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում էլ սկանդալի կենտրոնում էր հայտնվել Սիրիա այցելելու համար:

Ռուսաստանցի պատգամավորների ուղեկցությամբ ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, Մոսկվայից մեկնել էին Սիրիա, այցելել ռուսական «Հմեյմիմ» ռազմաբազա, ինչից հետո հանդիպել Սիրիայի նախագահի հետ։

ԵԽԽՎ պատգամավորները պարզաբանումներ, ոմանք նույնիսկ հրաժարական են պահանջում Ագրամունտից ու նրան ուղեկցած պատվիրակներից՝ պնդելով, որ Սիրիա այցելությամբ եվրոպացի քաղաքական գործիչները լեգիտիմացրել են Կրեմլի գործողությունները այդ երկրում, բացի այդ՝ նրանք հարյուր հազարավոր մարդկանց մահվան համար մեղադրվող Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ձեռքն են սեղմել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG