Մատչելիության հղումներ

Կողբավանը զուրկ է կենցաղային տարրական պայմաններից


Արմավիրի մարզի Կողբավան գյուղը ո՛չ ջուր ունի, ո՛չ դպրոց, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ խանութ, ո՛չ հանրային փոխադրամիջոց։ Մոտ 170 բնակիչ ունեցող գյուղում այս խնդիրները տարիների պատմություն ունեն։

Գյուղապետ Սերոբ Սերոբյանն ասում է՝ մինչև 90-ականները գյուղում դպրոցի համար մեկ սենյակ էր նախատեսված, որպեսզի երեխաները գոնե տառաճանաչ լինեին, իսկ ջրագիծ և այլ կենցաղային պայմաններ երբևէ չեն ունեցել։

«Սովետի վախտվանից մինչև հիմա մենք ջրագիծ չենք ունեցել՝ խմելու, ոռոգմանն էլ էս տարի շատ վատ էր՝ ջրամբարից է, խորքային հորերը չաշխատացրեցին, ամբողջ նագրուզկան ընկավ ջրամբարի վրա, տարվա կեսին դատարկեցին, պրծան, տենց էլ մնացինք, մարդկանց բերքն էլ չորացավ», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղապետը։

Գյուղում հիմնականում երիտասարդ ընտանիքներ են ապրում։ Ամեն տարի 9-ից 12 աշակերտ հաճախում է հարևան Վանանդ գյուղի դպրոց։ Արդեն 7 տարի է երեխաներին դպրոց տանող փոխադրամիջոցը սովետական արտադրության կիսասարքին «ՎԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան է։

«12 աշակերտ էր, շատ պայքարեցինք, մարզպետարան գնացինք, անձամբ ես եմ գնացել, մարզպետին դիմել, տրամադրեց մեքենան, բայց անսարք վիճակում։ Ծնողներով հավաքվեցինք անիվ գնեցինք։ Հիմա մարդավճար ենք տալիս, որ մեր երեխաներին տանեն, թե չէ էրեխեքին անուսում թողնելն, այն էլ էս դարում, անհնար է», - ասաց զրուցակիցներից մեկը։

Երեխաների վարորդը նաև գյուղացիների պատվերներն է տանում գյուղից գյուղ։ «Գյուղում չկա խանութ, ես որ շարժի մեջ եմ, մեկը գալիս ասում է՝ «երկու հատ հաց բեր», մյուսը՝ «մի տուփ աղ բեր», օրինակ, հիմա պահածո է անում, պղպեղ է ուզել, գնում եմ առնեմ, բերեմ», - ասաց վարորդը։

30-ամյա Աստղիկը 3 դպրոցահասակ երախա ունի։ Նրա ամուսինը դպրոց չի հաճախել, բայց այսօր իրենք ամեն ինչ անում են, որպեսզի երեխաներն անուսում չմնան։ «Հնարավորություններն էն չեն՝ ո՛չ աշխատանք ունենք, ո՛չ մի բան չկա։ Կամ դուրս պետք է գնա ամուսինս, որ կարողանանք ապահովել երեխաներին, երեք երեխա է, քիչ չէ։ Մեր նպաստով չենք կարող հագցնել, ուտացնել, ջուր, կոմունալներ քաղաք տեղում, իսկ ստեղ, ճիշտ է, քիչ է գնում, բայց պայմաններն էլ էն չեն», - ասաց Աստղիկը։

Երիտասարդ մայրիկի համար, սակայն, ամենադժվարն առանց ջրի տան հոգսերը հոգալն է. - «Ջուր հավաքել, որ լվացք անել, լողանալ, դժվար է։ Ջրից ձկան հոտ է գալիս, լողանում ես, եթե օծանելիք չունենաս, էդ հոտը տհաճ գալիս է։ Թալինից, Երվանդաշատից դույլերով ինչքան կարողանում ենք, ջուր ենք բերում»։

Կողբավանում երեխաները շարունակում են պղտոր, տարբեր տարրաներում օրերով ամբարված ջուր խմել։ Գյուղապետի փոխանցմամբ, գոնե այդ խնդիրը լուծելու համար պետական որևէ ծրագիր առայժմ չկա։ «Մեր դոտացիան էլ 1 միլիոն 500 հազար դրամ է ընդամենը, մեր բյուջեով՝ էդ հողի հարկով բանով, 6 միլիոն դրամ է կազմում՝ աշխատավարձ, դպրոցի ավտո, էս-էն, էդ է, 6 միլիոնն ի՞նչ է որ, 4 միլիոնը մենակ աշխատավարձի է», - ասաց Սերոբ Սերոբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG