Մատչելիության հղումներ

Վարչապետի մարզային այցերը «ռեգուլյար են լինելու»


Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Շիրակի մարզում էր:

Կարեն Կարապետյանը կրկին խուսափեց ուղիղ պատասխանել հարցին, թե արդյոք իր հետ քննարկվել է 2018 թվականի ապրիլից հետո իր՝ որպես վարչապետ պաշտոնավարելու հարցը:

«Բազմիցս այդ հարցին պատասխանել եմ: Թույլ տվեք չկրկնվեմ», - ասաց նա:

Տարեսկզբին Կարապետյանն ասել էր, որ տրամադրված է 2018-ին մնալ վարչապետի պաշտոնում՝ եթե իր գլխավորած Կառավարությունն արդյունավետ աշխատի, և եթե Հանրապետականը հաղթի խորհրդարանական ընտրություններում:

Ընդամենը մի քանի օրից կլրանա Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին: Շիրակի մարզ այցելած վարչապետին լրագրողները հարց ուղղեցին, թե ինչը կառանձնացնի մեկամյա գործունեության ընթացքում․ - «Բազմաթիվ բաներ: Եթե երեկվա Կառավարության տեսել եք, մենք հանձնարարել ենք՝ հենց մի տարին լրանա, յուրաքանչյուր նախարարություն, գերատեսչություն հաշվետվություն կտա, ես էլ կտամ»:

Այս օրերին ակտիվորեն քննարկվում է իշխանությունների նախաձեռնած ռազմավարական ծրագրերից մեկը՝ Հյուսիս-Հարավ ճանապարհաշինական ծրագրի ապագան: Անգամ ծրագիրը վարկավորած Ասիական զարգացման բանկի Մոնիտորինգի, հասարակական կազմակերպությունների աշխատանքային խմբի ղեկավարը հայտարարեց, որ Հայաստանն ի վիճակի չի լինելու ավարտին հասցնել շինարարությունը: Ըստ պաշտոնական տվյալների, 556 կմ ճանապարհից ընդամենը 31 կմ է կառուցվել, ծախսվել է 150 մլն դոլար ու 23 մլն եվրո գումար:

Վարչապետ Կարեն Կարապետյանը, մինչդեռ, վստահ է, որ ճանապարհը կկառուցեն․ - «Հարցականի տակ չի: Անելու ենք: Անպատճառ անելու ենք»:

Գործադիրի ղեկավարը մի շարք նախարարների հետ եկել էր Գյումրի: Շուրջ 3 ժամ փակ դռների հետևում մարզի գործարարների, տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն անցկացրեց:

Վարչապետն ասաց, որ մարզային երկրորդ այցերն են անցկացնում ու դրանք ավելի արդյունավետ որակեց․ - «Ես պետք է խոստովանեմ, որ մեր երկրորդ մարզային այցերն են, և այսօրվա նյութը, որը մենք քննարկում ենք, շատ ավելի առարկայական է և կիրառական: Այսօր մենք իրականում գույքագրել ենք խնդիրները, մատնանշել ենք անելիքները, յուրաքանչյուր գերատեսչություն գիտի իր անելիքները: Եվ մեր այս հանդիպումները ռեգուլյար են լինելու: Բացի դրանից, մենք պայմանավորվել ենք, որ ոչ միայն մարզային այցերով․․․ այլ մենք ունենալու ենք պարբերաբար հանդիպումներ և՛ մարզպետների հետ, և մեր խոշոր համայնքների ղեկավարների հետ: Եվ կարծում եմ, դուք կզգաք փոփոխությունը»:

Գյումրիում տուրիզմի զարգացման նպատակով տարեսկզբին մեկնարկած «Կումայրի» ծրագրով սկսվել է քաղաքի պատմական հատվածի վերականգնումը: Նախատեսվում է, որ սեպտեմբերի վերջին Ռուսթավելի փողոցի շինարարույթունը կավարտվի:

Վարչապետի խոսքով՝ Գյումրին տուրիզմի զարգացման լուրջ ներուժ ունի․ - «Մենք պետք է ֆիքսենք, որ Գյումրու նման ներուժ զբոսաշրջության համար․․․ այդպիսի շատ կետեր չունենք: Ունիկալ ա ուղղակի Գյումրին, և մենք հետևողական այդ ծրագիրը շարունակելու ենք»:

Վարչապետի ընտանիքը առաջին ներդրողներից մեկը եղավ այս ծրագրում 500 հազար դոլարի չափով: Այսօր Կարեն Կարապետյանն ասաց, որ իր օրինակին հետևողներ կան, սակայն չհրապարակեց նրանց անունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG