Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատի նախագահը քննադատել է հանրային պաշտպանի տան դիմաց ակցիայի անցկացումը


Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը քննադատել է փաստաբան Մարինե Թովմասյանի տան դիմաց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի կազմակերպած ակցիան:

«Այն ինչ կատարվում է փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ (բնակության վայրում պիկետ, պատիվն արատավորող լուսանկարների տարածում), անթույլատրելի է բոլոր տեսակետներից: Չի կարելի թույլ տալ, որ փաստաբանին՝ իր մասնագիտական գործունեության կապակցությամբ ճնշման ենթարկեն և կապ չունի ճնշումը պետական մարմինների կողմից է, թե՝ հասարակության որոշ հատվածների», - նշել է Զոհրաբյանը: - «Եթե փաստաբանն իր մասնագիտական գործունեության ընթացքում խախտում է օրենքը կամ փաստաբանի վարքագծի կանոնագրքի պահանջը, ապա դրա լուծման միակ օրինական ճանապարհը, փաստաբանների պալատին հաղորդում ներկայացնելն է»:

Զոհրաբյանը նաև կարծիք է հայտնել, որ փաստաբան Մարինե Թովմասյանի նկատմամբ ճնշումների հեղինակների «հետևից գործող, կամ այս ճնշումներից հաճույք ստացող» որոշ փաստաբաններ կան և զգուշացրել․ - «Վաղը կարող են ձեր գործերով հակառակորդ կողմի հարազատները բողոքի ակցիաներ կազմակերպել ձեր բնակավայրերում և ձեզ վարկաբեկել, ինչը մեր մասնագիտությունը կդարձնի խոցելի»:

Ակտիվիստ Վարդգես Գասպարին հանրային պաշտպանի տան դիմաց բողոքի ակցիա էր անցկացրել ուրբաթ օրը՝ օգոստոսի 25-ին, այն բանից հետո, երբ տեղեկացել էր, որ չնայած Ժիրայր Սեֆիլյանի և այս գործով անցնող մեղադրյալ Ներսես Պողոսյանի կտրուկ անհամաձայնությանը, պաշտպանը ստանձնել էր ընդդիմադիրների պաշտպանությունը և ի տարբերությունՀանրային նախորդ պաշտպանի, չէր հեռացել դատարանի դահլիճից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG