Մատչելիության հղումներ

ԳԱԼԱ-ն դադարեցնում է բոյկոտը


Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը։ 10-ը հոկտեմբերի, 2016 թ․
Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստը։ 10-ը հոկտեմբերի, 2016 թ․

Գյումրիի ավագանիում 4 մանդատ ունեցող ԳԱԼԱ («Գաղափարակից լիբերալների ալյանս») կուսակցությունը դադարեցնում է բոյկոտը և սեպտեմբերից կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմնի նիստերին:

ԳԱԼԱ-ի մամուլի պատասխանատու, ավագանու անդամ Արմենուհի Վարդանյանն ասաց, որ կուսակցության ներսում և՛ դեմ, և՛ կողմ են եղել ավագանու աշխատանքներին մասնակցելու հարցում: Մոտ մեկ տարվա քննարկումներից հետո այնուամենայնիվ որոշել են մասնակցել նիստերին:

«[4 մանդատով աշխատելը] Դժվար կլինի, միանշանակ դժվար կլինի, և կարծիքների տարբերությունը մեր թիմի ներսում նաև դրանով էր պայմանավորված, որ դժվար կլինի որոշումները առաջ մղել», - հավելեց Վարդանյանը:

Գյումրիում անցած տարվա հոկտեմբերին կայացած ավագանու ընտրություններից հետո, հիշեցնենք, հաղթանակ տարավ իշխող Հանրապետականի աջակցությունը վայելող «Բալասանյան» դաշինքը: Ընտրություններից հետո «Հայկական վերածնունդ» (ՀՎԿ) և «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցություններից մեկական մանդատ բոնուսային կարգով բաժին հասավ «Բալասանյան» դաշինքին, որը մեծամասնություն կազմեց, ու քաղաքապետի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնեց Սամվել Բալասանյանը:

ՀՎԿ-ն, ԲՀԿ-ն ու ԳԱԼԱ-ն, անհամաձայնություն հայտնելով մանդատների բաշխման գործընթացին, բոյկոտեցին ավագանու աշխատանքը և դիմեցին դատարան: Սահմանադրական դատարանում հաջողության չհասնելով՝ 3 ուժերը պայմանավորվել էին, որ ամեն մեկն արդեն ինքն է որոշում բոյկոտը շարունակել-չշարունակելու հարցը:

«Հայկական վերածնունդը», որը նոււյնպես 4 մանդատ ունի, առաջիներից էր, որ դադարեցրեց բոյկոտը և հասցրեց ավագանու վերջին նիստին մասնակցել: «Բարգավաճ Հայաստան»-ը, որը բոյկոտող քաղաքական ուժերից ամենաշատ մանդատն ունի՝ 8, դեռ որոշում չի կայացրել ավագանու աշխատանքներին մասնակցել-չմասնակցելու մասին:

Գյումրիի ավագանու քաղաքական մեծամասնության ղեկավար, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ողջունում է բոյկոտը դադարեցնելու մասին քաղաքական երկու ուժերի կայացրած որոշումը․ - «Թող գան, աշխատեն: Ինչքան աշխատեն, ինչքան ընդդիմադիր կեցվածքով լինեն, էդքան օգուտ կբերեն և՛ ինձ, և՛ քաղաքի բնակիչին: Էսօրվա դրությամբ ինձ համար որևէ խնդիր չկա, որ, ասենք, գիտեք ինչ կա, վայ, եթե հանկարծ ընդդիմադիր դաշտից մարդիկ գան, ես կարող է խնդիրներ ունենամ: Ես միայն ողջունում եմ»:

Ավագանու վերջին նիստում քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել էր, թե աշնանային նստաշրջանին նիստերը բոյկոտող ավագանու անդամներին անվստահություն կհայտնվի: Գյումրիի քաղաքապետից հետաքրքրվեցինք՝ եթե աշնանային նստաշրաջանին ԲՀԿ-ն շարունակի բոյկոտը, արդյո՞ք անվստահության հայտնելու հարցը կլինի օրակարգում: Բալասանյանի պատասխանը․ - «Ես մինչև հիմա համարել եմ ամեն ինչը, որ սա քաղաքական պրոցես է: Սա բոյկոտ է քաղաքական, որին մասնակցություն ունեցան 16 ավագանու անդամներ: Ընդունեցինք: Ըստ ՏԻՄ օրենքի, մենք կարող ենք անվստահություն հիմա էլ հայտնել: Բայց ես ընդունում եմ, որ ես, որպես քաղաքապետ, էդ քայլին չեմ գնալու: Բայց եթե հիմա արդեն իսկ շարունակությունը, որ արդեն պարզ է՝ Սահմանադրական դատարանի որոշումը, արդեն իսկ եթե մարդը չի գալիս աշխատանքի, ուրեմն մենք վստահորեն կարող ենք անվստահություն հայտնել այդ մարդուն, որը կեսից ավել ավագանու նիստերին չի մասնակցի մեկ նստաշրջանի ընթացքում․․․ Ուժի մեջ կմնա՝ եթե հանկարծ իրենք շարունակեն: Մինչև հիմա ես ասում եմ, որ էդ նախագիծը չեմ մտցնելու»:

«Ազատության» հարցին, թե արդյոք նիստերին մասնակցելու՝ ԳԱԼԱ-ի որոշման վրա ազդել է ավագանու վերջին նիստում քաղաքապետ Սամվել Բալասանյանի հայտարարությունը, թե աշնանային նստաշրջանին նիստերը բոյկոտող ավագանու անդամներին անվստահություն կհայտնվի, Արմենուհի Վարդանյանը պատասխանեց․ - «ԳԱԼԱ-ի պարագայում իհարկե ոչ: Մյուսների առումով չեմ կարող ասել: ԳԱԼԱ-ին օրակարգ չի կարող թելադրել ո՛չ Բալասանյան Սամվելը, ո՛չ որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ: Դա բացառված է»:

Հարցին՝ եթե ստացվի այնպես, որ 3 քաղաքական ուժերը դադարեցնեն բոյկոտը, և ավագանիում ՀՎԿ-ն, ԲՀԿ-ն ու ԳԱԼԱ-ն ունենան 16, իսկ «Բալասանյան» դաշինքը 17 ձայն, ո՞ւմ աշխատանքը ավելի դժվար կլինի «Բալասանյան» դաշինքի՞, թե՞ ընդդիմադիրների, ԳԱԼԱ-ի ղեկավար անդամը պատասխանեց․ - ««Բալասանյան» դաշինքի անշուշտ՝ եթե մյուս քաղաքական ուժերը կլինեն իսկապես սկզբունքային, եթե մյուս քաղաքական ուժերի համար ևս գերնպատակ կլինի քաղաքի շահը, այլ ոչ թե անձնական շահը, անձնական շահերի շրջանակում համագործակցությունը և այլն»:

ԲՀԿ ցուցակը գլխավորող քաղաքապետի թեկնածու, ներկայումս ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը («Ծառուկյան» դաշինք) «Ազատությանը» փոխանցեց, որ առաջիկայում կուսակցությունը բոյկոտը դադարեցնելու կամ շարունակելու մասին որոշում կկայացնի:

Այսպես թե այնպես, արդեն իսկ երկու ընդդիմադիր ուժերի մասնակցությունը ավագանու աշխատանքներին որոշակի փոփոխությունների կհանգեցնի: Եթե մինչև հիմա Գյումրիի ավագանուն հաջողվել է օրակարգ բերված հարցերը միաձայն քվեարկությամբ անցկացնել, ապա առաջիկայում դա դժվար կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG