Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեկ հրահանգել է բանակին վարժանքներ սկսել՝ պատրաստվելով «իմպերիալիստների ներխուժմանը»:
Վարժանքները կտևեն երկու օր՝ օգոստոսի 26-ից 27-ը: Դրանցում բացի զինվորականներից կներգրավեն նաև քաղաքացիական անձինք:
Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը համբերատար կսպասի, մինչև ժողովրդավարությունը Վենեսուելայում վերականգնվի:
Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել ռազմական միջամտությունը` վենեսուելական ճգնաժամը հարթելու հարցում:
Վենեսուելան քաղաքական և տնտեսական ճգնաժամի մեջ է հայտնվել Մադուրոյի ռեժիմի դեմ ամիսներ շարունակվող բողոքի ակցիաների և նախագահի՝ իր իշխանությունն ավելի ամրապնդելու փորձերի հետևանքով։ Բողոքի ցույցերը երկրում հաջորդեցին մարտի վերջին դատարանի կայացրած որոշմանը, որով նախագահին խորհրդարանի շրջանցմամբ որոշումներ կայացնելու արտոնություն տրվեց՝ գործնականում նրան փոխանցելով օրենսդիր մարմնի լիազորություններ: Երկրի խորհրդարանում մեծամասնություն են կազմում ընդդիմադիրները: